ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ էին առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:
Կոռուպցիայի կանխարգելման մարմինը լուծելո՞ւ է արդյոք Հայաստանում համակարգային կոռուպցիայի արգելափակման հարցը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Արման Եղոյանի խոսքով՝ նոր Կոռուպցիայի կանխարգելման մարմինը ստեղծվում է նոր իրողություններում, այնտեղ ներգրավված են ուժերի ներկայացուցիչներ, որոնք պետք է հակակշռեն իրար. «Քաղաքական իրավիճակը փոխվել է, և դա ազդելու է այս նորաստեղծ մարմնի աշխատանքի վրա»:
«Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Կառավարությունը հավանության արժանացրեց հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը և 2019-22թթ-ի ռազմավարությունը, որով նախատեսված է կոռուպցիայի դեմ պայքարի նոր ինստիտուցիոնալ երկու կառույցի ձևավորումը՝ մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն է»,- նշեց Սերոբ Անտինյանը՝ հավելելով, որ նոր ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է բացահայտի կոռուպցիոն դրսևորումներ և կոռուպցիոն ռիսկեր: Փորձագետը նաև ընդգծեց, որ ակնհայտ է՝ նոր իշխանությունն ունի կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: «Քաղաքական կամքից զատ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ երաշխիքներ, համապատասխան պետական մարմիններ, որոնք կյանքի կկոչեն կոռուպցիայի կանխարգելման գործընթացը»:
Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ համակարգային կոռուպցիա չկա, բայց կոռուպցիոն դրսևորումներ կան. «Այդ հարցը ԱԺ-ն չի լուծելու, ժամանակի ընթացքում է լուծվելու, երբ կփոխվի հասարակության կրթական մակարդակը. հասարակությունը պետք է գա կոնսենսուսի այն հարցի շուրջ, որ կոռուպցիան հասարակության համար «վերք» է, «ուռուցք» է, որը ներսից հոշոտում է պետությունը, և այն պետք է վերացվի»:
Մանրամասն՝ տեսանյութում: