Նոյեմբերի 18-ին Վիլնյուս կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսին: Այս մասին հայտնում են ՀՀ առաջին տիկնոջ գրասենյակից:
Ողջունելով Աննա Հակոբյանին Վիլնյուսում՝ Լիտվայիարտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել վերջինի ծավալած ակտիվ հասարակական գործունեությունը՝ հատկապես «Կանայք հանուն խաղաղության» արշավը` համարելով այն կարևոր քայլ խաղաղության հաստատման ճանապարհին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացներին և համոզմունք հայտնել, որ երկուերկրների հարաբերություններն առաջիկայում կհարստանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով:
Լինաս Լինկևիչիուսը հաջողություն է մաղթել Աննա Հակոբյանին իր նախաձեռնություններում և պատրաստակամությունը հայտնել աջակցելու դրանց իրականացմանը:
Նույն օրը ՀՀ վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ: Ջերմ և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանրային և հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:
Դիանա Նաուսեդիենեն նշել է, որ Լիտվան պատրաստ է աջակցել և կիսվել սոցիալական տարբեր մարտահրավերների հաղթահարման գործում արձանագրած իր լավագույն փորձով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաստատել պարբերական շփումներ և նպաստել երկու երկրների ու ժողովուրդների կապերի խթանմանը:
Այցի ավարտին Աննա Հակոբյանն այցելել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպաություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու աշխատանքային առօրյաին: