Լուրեր
Քննիչը ո՞ր ժամանակներից է վկայի հետ պնդումներով խոսում և բանավիճում. Քոչարյանի պաշտպան
  • 14:57
  • 2019-11-19
  • Դիտումներ՝ *

Դատախազության անգործությունը պայմանավորված է այն պարզ պատճառով, որ 2008 թվականին մեղսագրվող արարքների ժամանակ գործող 300-րդ հոդվածն այլևս գոյություն չունի և այն պարագայում, երբ փորձ է արվում դա դիտարկել 300.1-ի լույսի ներքո, գիտակցում են հետադարձ ուժի արգելքի սկզբունքը։ Դատարանում այս մասին հայտարարեց ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Նախաքննությունը և առհասարակ հարցաքննությունների ուսումնասիրությունը շատ հետաքրքիր հանգամանք է բացահայտում քրեական դատավարությունում։ Այն, որ հսկող դատախազը նշվածը չի նկատել կամ նույնիսկ խնդիր չի տեսել այդտեղ, առնվազն տարակուսելի է։ Մենք տեսնում ենք, որ կան հարցաքննություններ, երբ քննիչը բանավիճում է հարցաքննվողի հետ։ Գործող վկայի հետ բանավիճում է՝ պնդելով, որ նշված փաստաթուղթն ակնհայտ չի համապատասխանում Սահմանադրությանը, ինչ կասեք դրա մասին։ Քննիչը ո՞ր ժամանակներից է, որ կարող է նման պնդումներ անել, այն պարագայում, որ վերջինս ունի մեկ առաքելություն, մեկ պարտականություն՝ բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն իրականացնի։ Ինչպես է քննիչը վկայի հետ պնդումներով խոսում, բանավիճում»,-ասաց Վարդևանյանը։

  • Դիտումներ՝ *