Լուրեր
Նոր սկի՞զբ, թե՞ լուծարում. 2020 թվականը բեկումնային կլինի ՋՕԸ-երի համար
  • 21:47
  • 2019-11-18
  • Դիտումներ՝ *

2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի շուրջ քաղաքական դիսկուրսը հիմնականում երկու առանցքային մոտեցման շուրջ է ծավալվում՝ իշխող ուժն այն համարում է հեղափոխական բյուջե, որն էական փոփոխությունների է տանելու, իսկ ըննդիմախոսներն այն բնավ էլ հեղափոխական բյուջե չեն համարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Վարազդատ Կարապետյանն իր կարծիքն արտահայտեց թվերով. «Ճանապարհաշինության համար 2018-ի համեմատ մոտ 5 անգամ ավելի շատ գումար է նախատեսված, ոռոգման ջրերի համակարգերի բարեկարգման, նոր ջրագծերի, ջրամբարների կառուցման համար 15 անգամ ավելի շատ գումար, ցանկացած ոլորտում, օրինակ, առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության ոլորտներում, եթե հարցը վերաբերում է ընդհանուր դաշտի բարելավմանը, ենթակառուցվածքներին, խոցելի խմբերին, բյուջեով նախատեսված գումարների մի քանի անգամ ավելացում է նկատվում: Այսինքն՝ մենք մտածում ենք միջավայրի, պայմանների բարելավման մասին՝ վստահ լինելով, որ դա մարդկանց դրդելու է ավելի արդյունավետ վարքագծի»:

Վ. Կարապետյանի խոսքով՝ տնտեսական աճը, տնտեսական արագ պրոցեսները պայմանավորված են միջավայրով և օրենսդրությամբ. «Երկու մոտեցում կա՝ կա՛մ կառավարությունը պետք է մտնի տնտեսության մեջ և որպես դերակատար սկսի տնտեսության մեջ փոփոխություններ մտցնել, որը որոշ դեպքերում արդյունավետ է, որոշ դեպքերում՝ անարդյուանվետ, կա՛մ կառավարությունը պետք է ստեղծի պայմաններ՝ հավատալով, որ մասնավոր հատվածը կիրացնի իր պոտենցիալն այդ պայմաններում: Մենք չենք ասում, որ այս երկու կողնորոշումներից մեկն ենք վերցրել, հատվածներ կան, որտեղ կառավարությունը որպես տնտեսական դերակատար պետք է հանդես գա, բայց ընդհանուր առմամբ, հատկապես մրցակցային ճյուղերի զարգացման հարցում, մենք հավատում ենք, որ դաշտի բարելավումը բերելու է տնտեսական աճի»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» այն դիտարկմանը, ըստ որի կառավարության ծրագրի առանցքային դրույթներ չեն արտահայտվել բյուջեում, Վ. Կարապետյանը նշեց, որ այդ կարծիքը չի ընդունում:

Մեր զրուցակցի խոսքով՝ կապիտալ ծախսերի թերակատարումներ կան, դրանք պայմանավորած են միջազգային վարկային ծրագրերի թերակատարումներով. «Այդ ծրագրերն արագ իրականացնելը խնդրահարույց է: Նոր մեխանիզմներ են ստեղծվում, պետք է սպասենք, որ դրանք իրականություն դառնան»:

Հարցին, թե ինչու է առ այսօր Ջրօգտագործման ընկերության օղակը համարվում ամենակոռուպցիոն և ամենաանարդյունավետ աշխատող օղակը, Վ. Կարապետյանը նշեց, որ 2020թ. բեկումնային կլինի ՋՕԸ-երի համար՝ կա՛մ պետք է լուծարվեն, կա՛մ նորովի աշխատեն: «Գործ ունենք մի մեխանիզմի հետ, որը 10 տարի շարունակ զարգացել է անարդյունավետ ճանապարհով: Ջրային տնտեսության պետական կոմիտեն արագ փոփոխությունների չի գնացել դեռևս, մինչև տարեվերջ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կներկայացվի»,- նշեց Վ. Կարապետյանը՝ հավելելով, որ համայնքը կորոշի՝ ջրային տնտեսության կառավարումը կստանձնի համայնքը, մասնավոր ընկերությունները, թե ՋՕԸ-երը, որոնք հանրային ընկերություններ են. ջրային տնտեսությունների կառավարումը կհեշտանա և աշխատանքը կլինի թափանցիկ: Վ. Կարապետյանը նաև վստահեցրեց, որ ջրի «մաֆիա» այլևս չկա. «Խոշոր խաղը այլևս չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *