Լուրեր
Մարտի 1, ապրիլյան պատերազմ… ինչու Մովսես Հակոբյանը պաշտոնանկ արվեց հիմա, և ոչ թե հեղափոխությունից հետո
  • 22:00
  • 2019-11-18
  • Դիտումներ՝ *

Աշխատանքային շաբաթը մեկնարկեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատման վերաբերյալ լուրով, որին հաջորդեց վարչապետի որոշման պատճառների մասին հաղորդագրությունը: Հատկանշական է, որ այս պաշտոնանկության մասին տեղեկությունը փաստացի հաջորդում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին և Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին, որոնք տեղի են ունեցել երկու օր առաջ՝ նոյեմբերի 16-ին: Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստին մասնակցել էր նաև գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Ի՞նչ հարցեր են քննարկվել Անվտանգության խորհրդի արտահերթ և ՊՆ կոլեգիայի նիստերի ընթացքում, և արդյո՞ք այդ քննարկումների արդյունքում է հասունացել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնանկության անհրաժեշտությունը, թե՞ դա առաջացել է, այսպես ասած, ներքին քաղաքական զարգացումների ընթացքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետներ Արմեն Վարդանյանը և Էմիլ Օրդուխանյանը:

«Նման դեպքերում քաղաքական տողատակը միշտ առաջին պլան է գալիս… Մամուլում Մովսես Հակոբյանի սպասվող պաշտոնանկության մասին արտահոսքեր չկային, և սա որոշակի հիմք է տալիս մտածելու, որ պաշտոնանկության պատճառը թարմ է եղել, գուցե հենց ՊՆ կոլեգիայի նիստում քննարկումների արդյունքում է տեղի ունեցել, հնարավոր է վարչապետի հետ ինչ-որ պայմանավորվածությունների թերակատարման կամ խախտման հարցեր են եղել: Այս պաշտոնանկությունն ինքնին քաղաքական հնչեղություն է ստանում՝ հաշվի առնելով այն, որ նախկին համակարգում Մովսես Հակոբյանը եղել է բարձրաստիճան զինվորական պաշտոնյա»,- նշեց Հակոբ Բադալյանը: Վերլուծաբանի կարծիքով՝ Զինված ուժերում կա սերնդափոխության խնդիր՝ անկախ քաղաքական տողատակերից, որովհետև փոխվում են տեխնոլոգիաները, փոխվում են մարտահրավերները:

Էմիլ Օրդուխանյանի դիտարկմամբ՝ ուժային կառույցներում փորձարկվեցին նախկին համակարգում կայացած գործիչները, և գուցե ակնկալիքները չեն արդարացվել, և հեղափոխական իշխանությունը փորձում է հեղափոխական մոտեցմամբ՝ անսպասելիորեն փոփոխություն կատարել: «Տվյալ գեներալի անունը արծարծվում էր նաև Ապրիլյան քառօրյայի հետ կապված, և գուցե որոշ հարցեր են եկել օրակարգ, և այդ հարցերի քննարկման տիրույթում տվյալ անձի պաշտոնավարումն այլևս նպատակահարմար չէ»:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ այս պաշտոնանկության հետ կապված քաղաքական ենթատեքստ չկա, ընդամենը տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն, և Մովսես Հակոբյանը կնշանակվի այլ պաշտոնում: «Մովսես Հակոբյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի քեռին է, նա պետք է հեղափոխությունից անմիջապես հետո հեռացվեր, բայց մնաց այս պաշտոնում, դրանում որոշիչ դեր խաղաց բարեկամական կապը Արմեն Գևորգյանի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *