Այսօր «Հայացք» ակումբն իր հայացքն էր ուղղել Երևանի կենդանաբանական այգու խնդիրներին և ձմռան նախապատրաստական աշխատանքներին:
Ակումբի հյուրն էր Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը:
Ասուլիսը սկսվեց բարի լուրով. պարոն Աբովյանն ասաց, որ կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանիներով: Կենդանիները, որոնք բերվել են Ուկրաինայի «Նիկոլաև» կենդանաբանական այգուց, վեց տեսակի են` տասնմեկ գլուխ եղջերու, երեք գլուխ կենգուրու, մի զույգ այծեղջյուր, սովորական կապիկներ և «թռչող» շնիկներ:
«Այգում վաղուց սկսվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Այգին բաց է տարվա բոլոր եղանակներին: Ճիշտ է, ձմռան ամիսներին այգու այցելուները քիչ են, սակայն մենք պարտավոր ենք կատարել մեր աշխատանքը թե՛ ցուրտ ձմռանը, թե՛ թեժ ամռանը»,- նշեց պարոն Աբովյանը: