Լուրեր
Փաշինյանը պետք է փոխի դիսկուրսը, հասկանալու համար՝ ինչ կարող է Հայաստանը տալ Սփյուռքին
  • 21:30
  • 2019-11-17
  • Դիտումներ՝ *

Սփյուռքը շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի զարգացման գործում: Ինչպես է այսօր օգտագործվում Սփյուռքի ներուժը: Հայաստան – Սփյուռք հարաբերություններն արդյո՞ք նոր փուլ են թևակոխել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմաբան Վարագ Գեթսեմանյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում հաճախ հանդիպում ենք այդ արտահայտությանը, բայց տակավին շուտ է Հայաստան – Սփյուռք հարաբերությունների որակական նոր փուլի մասին խոսելը: Հեղափոխությունից հետո Սփյուռքի բոլոր հանայնքներում համատարած ոգևորություն և խանդավառություն կար, բայց մեկուկես տարի անցել է, և ոգևորությունը բնականաբար նվազել է:

Սփյուռքում ունենք բավականին լուրջ կադրային ռեսուրսներ, բայց Սփյուռքի ներուժը լիարժեք չենք օգտագործում: Սփյուռքը տարերային է, փոխվում է, մենք Սփյուռքի բոլոր համայքները մեկ մոդելի մեջ դնելու ընդգրկելու խնդիր ունենք:

Վերջին 30 տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ձևաչափը միակողմանի է եղել, այժմ անհրաժեշտություն կա խոսել Հայաստանի դերի մասին. ինչ է տալու Հայաստանը Սփյուռքին, ինչով կարող է Հայաստանն օգտակար լինել Սփյուռքին, սա նույնքան կարևոր է, որքան Սփյուռքի աջակցությունը Հայաստանին:

Առաջին հերթին Սփյուռքում կա հայապահպանման խնդիր, ամեն գաղութում չէ, որ կան հայկական վարժարաններ, հայոց լեզվի պահպանման հարցում Հայաստանը պետք է կարևոր դերակատարություն ունենա իր ռեսուրսներով, մարդկային ռեսուրսներով: Սփյուռքը մշակել է իր մեխանիզմները, բայց դրանք արդեն ժամանակավրեպ են, դրսից՝ Հայաստանից պետական աջակցության կարիք կա, օրինակ, արևմտահայերենի պահպանման հարցում»:

Մանրամասն տեսանյութում:

  • Դիտումներ՝ *