Լուրեր
Արժեթղթերի շուկայի չզարգանալու պատճառները պետք է փնտրել  Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրում
  • 10:15
  • 2019-11-17
  • Դիտումներ՝ *

«Արժեթղթերի շուկան կարող է արմատական ազդեցություն ունենալ և´ տնտեսության զարգացման, և´ բնակչության բարեկեցության վրա, սակայն այսօր Հայաստանում  կորպորատիվ արժեթղթերի շուկան գրեթե բացակայում է, չնայած որ դրա օրենսդրական ակունքները ձևավորվել են դեռևս 1991-1992 թվականներից և  որոշ վերապահումներով համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Իսկ թե ինչու այսօր արժեթղթերի շուկան չի զարգանում, ապա իմ խորին համոզմամբ՝ դրա պատճառները պետք է փնտրել ոչ թե արժեթղթերի շուկայում, այլ՝ Հայաստանի ձեռնարկատիրական միջավայրում, այսինքն ավելի պատկերավոր ասած՝ ինչպես ցանկացած շուկայում, այնպես էլ այս շուկայում անհրաժեշտ են վաճառողներ և գնորդներ, բայց, ի դժբախտություն մեզ, Հայաստանի արժեթղթերի շուկայում բացակայում են թե´ վաճառողները, թե´ պոտենցիալ գնորդները, որովհետև մարդիկ չեն ցանկանում մտնել կորպորատիվ կառավարման համակարգ, չեն ցանկանում աշխատել բազմաթիվ բաժնետերերի կամ  պարտատոմսերի սեփականատերերի հետ, այսինքն ոչ մեկ չի ցանկանում ուրիշների հետ ոչ միայն կիսել իր գումարները, այլ նաև իր իշխանությունը։ Իսկ սա մտածելակերպի ու վարքագծի լրջագույն խնդիր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Դավիթ Հախվերդյանը՝ խոսելով  Հայաստանում պարտատոմսերի շուկայի  զարգացած չլինելու, այդ  ոլորտում առկա  խիստ պասիվ տրամադրությունների  մասին։

Մեր զրուցակիցը  համոզված է, որ այս շուկայի կայացման և առաջընթացի գործում  պետության մասնակցությունը պետք է արտահայտվի բոլորի համար հավասար և  կատարյալ մրցակցային պայմաններ ապահովելով, ինչն էլ իր հերթին  կնպաստի  արդյունավետ սեփականատերերի ի հայտ գալուն և շուկայի զարգացմանը։

Հիշեցնենք , որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ անդրադարձել էր  արժեթղթերի շուկային, իր հերթին շեշտելով, որ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի  զարգացած չլինելն է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

  • Դիտումներ՝ *