
Չնայած թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարությունը հասցրել է չնչին տոկոսներով բարձրացնել տարբեր սոցիալական խավերի՝ մանկավարժներ, փրկարարներ, զինծառայողներ, այլք աշխատավարձերը, սակայն 2020 թվականի հունվարի 1-ից սպասվում է մի շարք ապրանքատեսակների գների բարձրացում։ Պարզվում է, որ երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա տարածվելու են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ Ըստ այդմ էլ՝ թվով 699 ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերն ավելանալու են։ Թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։ Ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով, իսկ մարգարինինը թանկանալու է 12 տոկոսով։ Թանկացումներ են սպասվում նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության ոլորտներում։ Ներմուծված դեղագործական արտադրանքը, դեղամիջոցներն ու անտիբիոտիկները թանկանալու են 2-4 տոկոսով։
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք աշխատավարձերի բարձրացումը կարող է մեղմել աղքատությունը նման պայմաններում։
«Այդ մասին ես անդրադարձել եմ, երբ փոփոխվում էր «Հարկային օրենսգիրքը»։ Երբ խոսվում էր, որ պետք է անցնել եկամտահարկի համահարթեցման, ես նշեցի վտանգի մասին։ Ես ասացի, որ ցածր՝ 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ոչինչ չեն շահելու, շահելու են բարձր աշխատավարձ ստացողները, որոնցից քիչ հարկեր են գանձվելու պետական բյուջե։ Երկրորդը վերաբերում է ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացմանը, որը ԵԱՏՄ համաձայնագրով է ամրագրված։ Եվ մաքսատուրքերի բարձրացման արդյունքում տնօրինվող եկամուտն էականորեն նվազելու է, իսկ բարձր աշխատավարձ ստացողները՝ նախարարներ, ԱԺ պատգամավորներ, որոնք ուզում են իրենց աշխատավարձը էլի բարձրացնել, հայտնվելու են ավելի լավ վիճակում։ Մենք ահազանգել ենք, որ պետք է միջոցներ ձեռնարկել։ Ակնհայտ է, որ հունվարի 1-ից լինելու է գնաճային ճնշում։ Գնաճային ճնշումը ես գնահատում եմ 4-5 տոկոսի չափով։ Հիմա եթե բարձրացնում են որոշ կատեգորիաների աշխատավարձը, այդ բարձրացումը կկլանի գնաճը, իսկ արդյունքում մարդիկ կլինեն նույն աղքատության մակարդակում, ինչպես այսօր է։ Այդ պայմաններում ավելի շահեկան վիճակում կլինեն բարձր աշխատավարձ ստացողները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Մովես Արիստակեսյանը նկատում է, որ կա 12 տոկոսի հասնող բացարձակ աղքատություն, իսկ 28 տոկոս գնահատված աղքատության թվերին չի հավատում։
«Այն չափանիշը, որով իրենք չափում են, համարժեք չէ սոցիալ-տնտեսական վիճակին։ Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակի վերջում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է 63 հազար մի քանի դրամ, որի մեջ մտնում է նաեւ պարենային զամբյուղը։ Եվ դրանից ելնելով էլ բարձրացրեցին նվազագույն աշխատավարձը՝ հասցնելով 68 հազար դրամի։ Շնորհակալ ենք դրա համար կառավարությանը, բայց 68 հազար դրամը այն գումարը չէ, որ մարդը կարողանա բավարարել իր նվազագույն պահանջները։ Էլեկտրաէներգիայի սակագինը, գազի սակագինն ընդհանրապես հաշվարկված չեն նվազագույն սպառողական զամբյուղում։ Հաշվարկված չէ նաեւ մշակութային արժեքներից բավարարվածություն ստանալու ծախսերը ․ մարդն ուզում է գոնե երբեմն թատրոն գնալ, գիրք գնել։ Չկան այդ ծախսերը։ Լոկ ստամոքսային մտածողությամբ հաշվարկված սպառողական զամբյուղի բյուջե է։ Մի քիչ էլ կան ծախսեր, որոնք նախատեսված են բնական մենաշնորհի ծառայությունների համար։ Մեր գնահատմամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում կազմում է առնվազն 110 հազար դրամ»,- նշեց Մովսես Արիստակեսյանը՝ հավելելով, որ ներկա կառավարությունը փորձում է հաղթահարել աղքատությունը։
Տնտեսագետը ուշադրություն է հրավիրում աշխատող աղքատների վրա, որոնք կան եւ՛ պետական կառավարման համակարգում, եւ՛ մասնավոր հատվածում։
«Զարմանալի է, որ ներկա կառավարությունը խոսում է բարձր աշխատավարձի քաղաքականությունը խթանելու մասին, ամեն կառավարության նիստում ավելացված արժեքի եւ մաքսատուրքի արտոնություններ է տալիս ռազմավարական ճյուղ համարվող ներդրումներ անողներին, բայց նրանց առաջարկած աշխատավարձերը 150-200 հազար դրամ աշխատավարձից չեն բարձրանում։ 150-200 հազար դրամով աշխատողները նույնպես աղքատ են, աշխատող աղքատ են։ Եվ դա կարող է հանգեցնել կոռուպցիայի։ Տեսեք, ուսուցիչների աշխատավարձը սահմանել են դրույքը՝ 108 հազար դրամ, ինչը նշանակում է, որ նա պետք է 22 ժամ զբաղված լինի։ Արդյոք բավարա՞ր է, որ 108 հազար դրամ ստացող ուսուցիչը երթեւեկի տրանսպորտով, ընդմիջում անի, նաեւ՝ զբաղվի իր գիտելիքները կատարելագործելով»,- ասաց Մովսես Արիստակեսյանը։
Միաժամանակ նա կարծում է, որ պետք է նախ բարձրացվի բազային աշխատավարձը, որից հետո էլ ըստ սանդղակի բարձրացվի պետական ծառայողների աշխատավարձը, ոչ թե կամայականորեն, գաղտնի բարձրացնեն նախարարների աշխատավարձը։