Լուրեր
Արկածախնդրությունը ՀՅԴ-ին կհասցնի ոչնչացման. «Կարճ կապենք»
  • 20:40
  • 2019-11-15
  • Դիտումներ՝ *

Ներքաղաքական լարվածությունն օր օրի նոր երանգներ է ստանում։ Դատական համակարգի ճգնաժամից և Վազգեն Մանուկյանի անհանգիստ շարժումներից զատ չափազանց հետաքրքիր է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության ակցիան ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ։ Եվ ընդհանրապես ՀՅԴ-ի ակտիվացումն արդեն իսկ մտածելու առիթ ա տալիս։ Իսկապես մենք չգիտենք, թե ինչ են փորձում նախաձեռնել դաշնակցականները և չենք էլ պատկարցանում, թե ինչի են նրանք պատրաստ կամ էլ ընդունակ։ Բայց չիմանալ դեռևս չի նշանակում չկանխատեսել, քանի որ անցյալի պրակտիկան տալիս է կանխատեսումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները։

Պատմության փորձը հաշվի առնելով՝ արձանագրենք հետևյալ ճշմարտությունը․ Դաշնակցությունն իր էությամբ վտանգավոր ու ապակառուցողական քաղաքական ուժ է։ Սա պիտակում չէ և ոչ էլ դաշնակցականներին վիրավերելու փորձ։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ զենքի ուժով հարցեր լուծելն ու ահաբեկչությունը Դաշնակցության ամենահարազատ քաղաքական գործիքներն են։ Ամենևին էլ պատմության ու անցյալի մեջ խորանալու մտադրություն չունենք և ոչ էլ՝ ՀՅԴ-ին դեմոնիզացնելու և չարիքի կերպարանքով ներկայացնելու հակվածություն։

Ընդամենը ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը ահաբեկչություններ տեսած ու վերապրած պետություն է։ Անհրաժեշտ է անցյալից դասեր քաղել, քանի որ մենք իրավունք չունենք շարժվելու այդ նույն կործանարար ճանապարհով ։ Կարծում ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսության փորձ նախաձեռնի, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կողմերը համագործակցության ու համերաշխության ինչ-որ եզրեր կգտնեն։ Բայց մոտեցումն այս չի կարելի շփոթել անհամաչափ զիջողականության կամ էլ վախկոտության հետ։ ՀՅԴ-ին հստակ պետք է փոխանցվի այն ազդակը, որ արկածախնդրության դիմելու պարագայում նրանց սպառնում է վերջնական ոչնչացման հեռանակարը։

  • Դիտումներ՝ *