Էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը Հյուսիսային Ամերիկայից Ատլանտիկայով Եվրոպա կհասնի 15 մետրանոց էկոլոգիական կատամարանով, հաղորդում է Associated Press-ը:
Թունբերգը հաղորդել է, որ Վիրջինայից ճանապարհ է ընկել ավստրալական ընտանիքին պատկանող կատամարանով: Նա ցանկանում է ժամանակին ժամանել Եվրոպա՝ դեկտեմբերի սկզբին Մադրիդում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցով խորհրդաժողովին մասնակցելու համար:
Նավակը, որը կոչվում է La Vagabonde, գրեթե ածխածնի հետք չի թողնում, ունի արևային մարտկոցներ և հիդրոգեներատորներ՝ էներգիայի արտադրության համար:
Այն ունի նաև զուգարան, ի տարբերություն զբոսանավի, որով Թունբերգը Բրիտանիայից հասավ Նյու Յորք: Այդ ժամանակ զբոսանավի վրա միայն դույլ կար:
Նավի տերերը Ռայլի Վայթլումը և Էլեյն Քերեուսին, ավստրալիացի զույգ են, որոնք իրենց 11 ամսական երեխայի՝ Լենիի հետ ճանապարհորդում են աշխարհով: Ընտանիքը, որն ունի բազմաթիվ բաժանորդներ, արձագանքել է Թունբերգի առանց ածխածնի արտանետումների Եվրոպա հասնելու սոցցանցում արված կոչին: Նրանց հետ լողում է նաև փորձառու նավաստի Նիկի Հենդերսոնը:
Ուղևորությունը կարող է տևել 2-4 շաբաթ՝ ծանր պայմաններում: Նոյեմբերը համարվում է միջանկյալ սեզոն Ատլանտյան ծովով նավարկելու համար: Երեքշաբթի Թունբերգը հայտնել է, որ ջերմաստիճանը իջել է մինչև մեկ աստիճան ըստ Ցելսիուսի և թաց ձյուն է տեղում: