Լուրեր
Այս իշխանությունը նախկինում հակառուսական դիրքորոշում ուներ, արտաքին քաղաքականությունը սկսեց դժվար դիրքից
  • 12:35
  • 2019-11-14
  • Դիտումներ՝ *

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվեցին իշխանության երկու թևերը՝ օրենսդիրը և գործադիրը, սակայն դատական համակարգում բարեփոխումների գործուն քայլեր չձեռնարկելու հետևանքով հայտնվել ենք ճգնաժամային իրավիճակում. հանգամանք, որն օգտագործվում է նախկին՝ մերժված իշխանության ներկայացուցիչների կողմից ներկայիս լեգիտիմ իշխանությունների դեմ տեղեկատվական, հիբրիդային պատերազմում: Անդրադառնալով այս դիտարկմանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը նշեց. «Դեռ հեղափոխությունն ավարտված չէր, երբ որ քննարկումներ էին լինում, համեմատում էին Վրաստանի և այլ երկրների հետ, ակնհայտ էր, որ հեղափոխական ուժերն այդ թուլությունն ունեն. այսինքն՝ գալու են իշխանության, գործադիր և օրենսդիր մարմիններն իրենց վերահսկողության տակ են լինելու, իսկ դատականը՝ ոչ: Հեղափոխություն էր, բայց պայմանավորվածություն կար, որ Սահմանադրության պահպանմամբ պետք է երկիրն անցնի նոր իրավիճակի: Եվ դա բավականին խնդիրներ է ստեղծել իշխանությունների համար:

Դատական համակարգը վստահություն չունի, եղել է կոռումպացված, եթե այժմ կոռումպացված չէ, ապա խնդիրները մնում են, արագ կերպով պետք է ռեֆորմներ իրականացվեին:

Կան մի քանի խնդիրներ, կադրային սով չկա, բայց կան կադրային խնդիրներ, դատական համակարգում փոխարինողներ են պետք: Եթե դատական համակարգը չփոխվի, կշարունակվի դատարանների եթե ոչ կոռուպցիոն, ապա իներտ աշխատանքը:

Մենք խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, բայց դա կախված է նրանից, թե ինչպես է գործում կոնտրակտային դաշտը: Ներդրողների համար կարևոր է դատական համակարգի էֆեկտիվ և թափանցիկ գործունեությունը»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև որոշ արտաքին քաղաքական խնդիրների: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ըստ Արթուր Մարտիրոսյանի, պետք է հիմնված լինի մի շատ կարևոր սկզբունքի վրա. «Չկա պրոռուսական, պրոարևմտյան, պրոամերիկյան Հայաստան, կա պրոհայկական Հայաստան»: Անդրադառնալով դիտարկմանը, որ դա այն է, ինչ ասում է վարչապետը, Ա. Մարտիրոյանը նշեց. «Ասում են, բայց անելը դժվար է: Լավ է, որ վարչապետն այդպես է ասում, բայց դա պետք է նաև իրականացվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *