Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

«Մինչև վթարը երկու տեսուչների հետ էլ մտերիմ էի…». նոր զարգացումներ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից «BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:
Նույն օրը Սարգիս Վարդանյանը ներկայացել է քննչական բաժին ու ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Վկա Գասպարյանի ներկայությունը դատարանում ապահովելու անհնարինության պատճառաբանությամբ հրապարակվեց այս վկայի նախաքննական ցուցմունքը:
Վկան դեպքի գիշերն իր մեքենայով նույնպես երթևեկել է քաղաքի կենտրոնական հատվածով: Դեռ դեպքի վայր չհասած՝ նկատել է «ԲՄՎ-X6» մեքենա, որն ընթանում էր «բավական արագ»:

Վկան իր մեքենան կայանել է դեպքի վայրից ոչ շատ հեռու և անմիջապես լսել է մեքենաների բախվելու ուժգին ձայն: Դուրս է եկել իր մեքենայից ու տեսել է, որ «ԲՄՎ»-ն Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում բախվել է ՃՈ մեքենային, որը բախումից «շպրտվել էր», իսկ «ԲՄՎ»-ն բախվել էր գովազդային սյանը:

Վկան մոտեցել է ՃՈ մեքենային, տեսել է, որ տեսուչներից մեկը գետնին պառկած է, մարդիկ փորձում էին նրան օգնություն ցույց տալ: Վկան նկատել է մի աղջկա, որը խուճապի մեջ ընկած՝ գոռում էր, վկան ենթադրել է, թե նա հավանաբար «ԲՄՎ» մեքենայում է եղել: «ԲՄՎ»-ի վարորդին վկան չի տեսել: Հետագայում իմացել է, որ «ԲՄՎ»-ի ղեկին եղել է Ճվճվ Արոյի որդին, ում ինքը չէր ճանաչում:

Վկան նշել է, որ մեքենաների բախումից առաջ ՃՈ մեքենայի ձայնային ազդանշանը չի լսել:

Այս ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը հայտարարեց, որ սա ևս մեկ ապացույց է, որ «ԲՄՎ»-ն ընթացել է մեծ արագությամբ:

Այնուհետև ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր պաշտպանյալ Սարգիս Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով փոխելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ այս գործով իր պաշտպանյալն անազատության մեջ է շուրջ 1 տարի 10 ամիս, այս գործով դատական քննությունը սկսվել է 2018 թվականի հուլիսի 4-ից: Գործով դատակոչված 12 վկաներից դատարանը դեռ հարցաքննել է 7-ին և հրապարակել է 1 վկայի նախաքննական ցուցմունքը, այսինքն՝ գործի քննության դանդաղ ընթացքի պայմաններում խախտվում է իր պաշտպանյալի՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքը:

Պաշտպանը հիշատակեց, որ Սարգիս Վարդանյանը մանկահասակ երեխայի հայր է, նրա կինն ու երեխան հոգեբանական ծանր վիճակում են:

Պաշտպանն ընդգծեց՝ Սարգիս Վարդանյանը մեղք չունի, որ դատաքննությունը երկարում է, իսկ դատարանի ծանրաբեռնվածությունը, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո՝ չի կարող գործի քննության երկարաձգման համար «հարգելի» պատճառ լինել:

Պաշտպանը հիշեցրեց, որ Սարգիս Վարդանյանը մեղադրվում է միջին ծանրության հանցավոր արարքի կատարման համար: Եվրոպական դատարանն էլ իր նախադեպային որոշումներում ամրագրել է, որ մեղսագրված արարքի ծանրությունը անձին կալանքի տակ պահելու բավարար հիմք լինել չի կարող:
Սարգիս Վարդանյանի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, ընտանիք, մանկահասակ երեխա, նա կամովին է ներկայացել նախաքննական մարմնին ու ձերբակալվել, ապա կալանքի տակ է առնվել:

Ըստ պաշտպանի՝ մինչ օրս Սարգիս Վարդանյանը դրսևորում է պատշաճ վարքագիծ, նրա դրսևորած վարքագիծը «չեզոքացնում է» կալանավորման հիմքերը:
Պաշտպան Լ. Հովհաննիսյանը միջնորդեց՝ փոխել Սարգիս Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը, ընտրել ազատազրկման հետ չկապված խափանման միջոց կամ կիրառել գրավ՝ 2 միլիոն դրամի չափով:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանն իր խոսքում ընդունեց, որ դեպքի օրն ինքը մեքենան արագ է վարել, այդ արագությունը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ հեռախոսազանգ էր ստացել, թե կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Ինքը ցանկանում էր մեքենայի մեջ եղած ուղևորներին տեղ հասցնել ու անմիջապես գնալ հիվանդանոց, շտապում էր: Եվ դեպքից անմիջապես հետո էլ չի մնացել վթարի վայրում, որովհետև գնացել է հիվանդանոց՝ կնոջ վիճակի մասին իմանալու: Իսկ երբ իմացել է, որ վթարի արդյունքում «մարդկային զոհ կա», կամովին ներկայացել է քննչական մարմնին:

Սարգիս Վարդանյանը նշեց. «Երբ ես կալանքի տակ էի, մեր ընտանիքում ողբերգություն տեղի ունեցավ՝ մահացավ պապիկս: Ինձ երեք օրով թույլատրեցին տուն գնալ ու հուղարկավորությանը մասնակցել: Ես երեք օր անց պատշաճ վերադարձել եմ ՔԿՀ: Հիմա էլ ես պատրաստ եմ գտնվել միայն իմ գրանցման վայրում և չբացակայել…»:

Սարգիս Վարդանյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը:

Մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը, առարկելով պաշտպանի միջնորդության դեմ, անդրադարձավ պաշտպանի այն մտքին, թե գործի դատական քննությունը երկարաձգվում է: Մեղադրողը հիշեցրեց, որ տևական ժամանակ՝ շուրջ ինը ամիս, դատարանը քննում էր միայն ամբաստանյալի նախորդ պաշտպանի նույնաբովանդակ միջնորդությունները, այսինքն՝ այդ ժամանակը ոչ արդյունավետ ծախսվել է պաշտպանական թիմի ռազմավարության արդյունքում, գործի քննության ողջամիտ ժամկետները չեն խախտվում այս գործով:

Մեղադրողը պնդեց՝ կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց, այդ թվում և՝ գրավը, ի զորու չէ ապահովելու ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, վերացած չեն ամբաստանյալին կալանքի տակ պահելու երկու հիմքերը: Մեղադրողն ընդգծեց՝ ասվածը հաստատող, օրենքով ձեռք բերված ապացույցներ կան գործում, և հիշեցրեց, որ վթարից անմիջապես հետո ամբաստանյալը մեկ այլ անձի համոզել է ներկայանալ որպես վթարի պահին «ԲՄՎ»-ի ղեկին եղած անձ: Այդ անձը գործով վկա է, նա հարցաքննվել է դատարանում և պնդել է իր նախաքննական ցուցմունքները: Մեղադրողը նշեց, որ վթարից անմիջապես հետո պատահարի վայրը թողնել-հեռանալը հիվանդանոց՝ կնոջ մոտ գնալու հանգամանքով արդարացնելը չի կարող ընդունվել: Մեղադրողը պահանջեց մերժել պաշտպանի միջնորդությունը և ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը չփոխել:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Ռ. Բալոյանն ու Զ. Վարդանյանը, առարկելով պաշտպանի միջնորդության դեմ, իրենց հերթին միջնորդեցին հետաձգել դատական նիստը, հաջորդ նիստին միջնորդության վերաբերյալ լսել նաև տուժողների իրավահաջորդների դիրքորոշումները, ապա նոր հեռանալ խորհրդակցական սենյակ:
Ըստ Ռ. Բալոյանի ու Զ. Վարդանյանի՝ իրենք կասկածներ ունեն, որ ազատության մեջ գտնվելով՝ Սարգիս Վարդանյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, այն է՝ ազդել դեռ չհարցաքննված վկաների վրա: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դատարանում արդեն հարցաքննված վկաների կողմից ցուցմունքները փոխելու միտումը վերագրում էին նրանց վրա հնարավոր անօրինական ազդեցություններով:

Ռ. Բալոյանը նաև նշեց, որ ամբաստանյալի կողմից որևէ քայլ չի կատարվել տուժողների հետ հաշտվելու, պատճառված վնասների հատուցում կատարելու ուղղությամբ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանն առարկեց տուժողների իրավահաջորդների՝ դատական նիստը հետաձգելու միջնորդության դեմ: Դատարանում են տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, նրանք կարող են իրենց վստահորդների դիրքորոշումը հայտնել: Պաշտպանը նաև անհիմն անվանեց ենթադրությունները, թե դատարանում արդեն իսկ հարցաքննված վկաների վրա զգացվում էր որոշակի ազդեցություն. «Ի՞նչ հիմք կա, որ վկաների վրա իմ պաշտպանյալն է ազդել»,- նշեց պաշտպանը:

Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը զգացմունքային ելույթ ունեցավ՝ նշելով, որ դեպքի պահին ՃՈ մեքենան խաչմերուկ էր մտել կարմիր լույսի տակ ու խոչընդոտել էր իր ընթացքը, ինքը մինչև վերջին ակնթարթը ամեն բան արել է՝ վթարը կանխելու համար՝ նախ արգելակել է, բայց տեսնելով, որ մեքենան արագ ընթանալով՝ չի հասցնի կանգ առնել, հնարավորինս թեքել է ղեկը՝ «աջ է արել», որ բախումից խուսափի:

Սարգիս Վարդանյանը նշեց, որ վթարից տուժած ՃՈ երկու տեսուչին էլ ինքը մինչև վթարը ճանաչում էր. «Երկու տեսուչների հետ էլ մտերիմ հարաբերությունների մեջ էի՝ անկախ նրանց աշխատանքից… Եթե նրանք տեսնեին իմ մեքենան ու կանգ առնեին, բախումը չէր լինի… Ես դեպքի պահին ո՛չ խմած էի, ո՛չ թմրամիջոց օգտագործած… Ես անզոր էի կանգնեցնել արագ ընթացող մեքենան, ես մինչև վերջին ակնթարթը փորձել եմ կանխել վթարը, ղեկը թեքել եմ աջ, այլապես ուղիղ կիջնեի Աբովյանով, ոչ թե գովազդային սյանը կբախվեի… Ես, այո, մեքենա վարել չեմ սիրել, բայց դեպքի պահին ես եմ վարել մեքենան… Ես նախկինում էլ տարիներ շարունակ մեքենա վարել եմ, թող մեկն ասի, որ մի վթար եմ տվել, որ գոնե մի մարդ իմ պատճառով հիվանդանոց է ընկել… Ես դեպքի օրը արագ քշելու պատճառ ունեի՝ ասել էին, որ կնոջս հիվանդանոց են տարել… Ես հո զենքը չեմ վերցրել ու գնացել, տուժողներին վնաս տվել… Սա դժբախտ պատահար ա, ինձ համար էլ ա մեծ ողբերգություն, ես էլ եմ հասկանում, որ երկու ընտանիք դժբախտության մեջ են, ես էլ ծնող եմ… Ես ոչ մի վկայի վրա ազդեցություն չեմ ունեցել ու չեմ ունենա…»:

Սարգիս Վարդանյանը նաև հայտարարեց. «Օրենքով սահմանված պատիժ չկա՞ վկաների վրա ազդելու համար, եթե ես մեկնումեկի վրա ազդել եմ, թող ինձ մեղադրեն, որ ես կալանավայրից ազդել եմ վկայի վրա: Իմ ասածների համար ես պատրաստ եմ պատասխան տալ, եթե կա կոնկրետ վկա, ում վրա կապացուցվի, որ ես ազդել եմ, ես կընդունեմ, ամեն բառիս համար պատրաստ եմ պատասխան տալ…»:

Նախագահողը նշեց, որ դատական նիստը չի հետաձգվի, քանի որ միջնորդությունը անձի անազատության հետ է կապված, բայց նիստը կարող է մի քանի րոպեով ընդմիջվել, որպեսզի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները հեռախոսազանգով ճշտեն իրենց վստահորդների դիրքորոշումները, եթե դրա կարիքը կա:

Ռ. Բալոյանն ու Զ. Վարդանյանը ասացին, որ դրա կարիքը չկա, իրենց դիրքորոշումը միասնական ու միանշանակ է՝ առարկում են պաշտպանի միջնորդության դեմ՝ Սարգիս Վարդանյանը պետք է մնա կալանքի տակ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի միջնորդությանը լուծում տալու համար:
Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 14-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում