Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր հայտարարել է, որ գործի շրջանակում Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը չեն հարցաքննվելու:
Եթե փորձենք այս նախադասությունը «թարգմանել», ապա այն նշանակում է՝ Մարտի 1-ի հանցագործությունը չի բացահայտվելու: Բանն այն է, որ քանի չեն հարցաքննվել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, դժվար է խոսել գործի բացահայտման մասին, անգամ ցանկության մասին խոսելն է դժվար: Ընդ որում, այստեղ պարզ է, որ առանցքայինը Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության պարագան է: Նա է եղել այդ օրն իրադարձությունների անմիջական ղեկավարը, հրամանատարը, կարգադրիչը: Իսկ եթե նա ինչ որ բաներ էլ չի ղեկավարել կամ կարգադրել, ապա դրանք պարզ կլինեն միայն հարցաքննելուց հետո:
Շատ բան պարզ կլինի նաև Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելուց հետո, քանի որ ակնհայտ է, որ ներկայումս շատ-շատերը կան, որ փորձում են խաղարկել մարտի 1-ի համար ընդդիմության և անձամբ Տեր-Պետրոսյանի պատասխանատվության խաղաքարտը, հավասարության նշան փորձելով դնել ընդդիմության և իշխանության միջև:
Այդ քարոզչական հնարքները պարզապես կարգելակվեն, եթե Տեր-Պետրոսյանին տրվեն ուղիղ և հստակ հարցեր ու ստացվեն ուղիղ և հստակ պատասխաններ: Դրանք հնարավորություն կտան կոնկրետացնել Մարտի 1-ը, այդ օրը տեղի ունեցած գործողությունները առավոտյան Ազատության հրապարակից մինչև գիշերը Մյասնիկյանի հրապարակի մերձակայքի սպանդը: Ավելին, Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը թերևս կցրի նաև փետրվարյան տասնօրյակի հետ կապված շատ միֆեր, որոնք ևս տարածվում են քարոզչական նկատառումներով, փորձելով ընդդիմության խաղաղ ցույցերը ներկայացնել իբրև կազմակերպված սադրանք կամ իշխանության զավթում: Բայց, այդ ամենը կարող է տեղի ունենալ միայն եթե կա մարտի 1-ի գործը լիարժեք բացահայտելու ցանկություն: Միայն այդ դեպքում կհարցաքննվեն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ ամենայնի, խնդիրը Քոչարյանի հարցաքննությունն է: Տեր-Պետրոսյանը թերևս այդ առումով խոչընդոտներ չի հարուցի քննչական խմբի առաջ, եթե կայացվի թե իրեն, թե Քոչարյանին հարցաքննելու որոշում: Պարզ է նաև, որ այդ հրահանգը պետք է տա Սերժ Սարգսյանը: Բայց պարզ է նաև, որ Սերժ Սարգսյանն էլ այդպիսի հրահանգ չի տա, քանի որ Քոչարյանի հարցաքննությունն օրինակ կարող է բացահայտել ոչ միայն հենց Քոչարյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի այդ օրը կատարած գործողությունների կամ ունեցած դերակատարության նյուանսներ, որոնք մեղմ ասած հաճելի չեն կարող լինել Սերժ Սարգսյանի համար: Եվ դա մի իրավիճակ է, որը փաստացի չունի հանգուցալուծման տարբերակ, և կամ գործը բացահայտվում է նաև Սերժ Սարգսյանի համար տհաճ հանգամանքներով, կամ չի բացահայտվում ընդհանրապես, այլ ծառայում է որպես ներքաղաքական և ներիշխանական հաշիվների պարզաբանման մի գործիք, ընդ որում գրեթե բոլորի ձեռքին: