Արևմուտքի անգործությունը և Սիրիայի հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը հանգեցրել են տարածաշրջանում ահաբեկիչների ուժեղացմանը: Այս մասին հայտարարել է քուրդ հրամանատար Մազլում Քոբանին Sky News-ին տված հարցազրույցում:
Նա շեշտել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդի վտանգը շատ մեծ է: «Թուրքական ագրեսիան տարածք է ազատել ԻՊ զինյալների համար»,- հավելել է Քոբանին: Ըստ հրամանատարի, Անկարան ոչ միայն չի խոչընդոտում, այլև օգնում է խմբավորման ամրապնդմանը Սիրիայում:
Քոբանին նաև անհանգստություն է հայտնել այն ահաբեկիչների հետ կապված, որոնք պահվում են քրդական բանտերում: Նա նշել է, որ զինվորականների համար դժվար է այդքան բանտարկյալներին հսկելը. նրանց թիվը հասնում է մոտ հինգ հազարի: Քոբանին կարծում է, որ դրանք սպառնալիք են ներկայացնում այլ երկրների համար, և Արևմուտքի անգործությունը այս հարցում, ի վերջո, կհանգեցնի նոր խոշոր ահաբեկչական հարձակումների:
Միևնույն ժամանակ, հրամանատարը բազմիցս դիմել է արևմտյան կառավարություններին և խնդրել նրանց լուծել բանտերում գտնվող զինյալների հարցը: «Նրանք երկու տարբերակ ունեն. բանտարկյալներին հետ վերցնել և դատել նրանց այնտեղ: (…) Կամ միջազգային դատ անցկացնել այստեղ (Սիրիայում), քանի որ մենք չենք կարողանա նրանց հավերժ պահել»,- շեշտել է Քոբանին: Նա հավելել է, որ Թուրքիայի կառավարության կողմից ձերբակալված ահաբեկիչները գործիք կդառնան, որի միջոցով Անկարան կփորձի Արևմուտքից ստանալ ցանկալին: