ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարությամբ նսեմացրեց մեր գիտնականի դերը՝ մեզ պիտակելով կաշառակեր, հայոց լեզուն բուհերից հանելը հիմնավորելով նաեւ այն փաստարկով, որ դրանով կանխում է կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը:
«Նաեւ նշվեց, թե կուրծք են ծեծում հիմնականում այն դասախոսները, որոնք վախենում են կորցնել իրենց ժամերը: Այո, կար այդ միտքը եւ ես չէի ամաչում ընդգծել, որ գիտնականն է զրկվում աշխատանքից: Բայց հիմա ես ասում եմ՝ այո, կրճատեք մեր ժամերը: Ես գիտնական եմ եւ 800 ժամից ավելի պարապում եմ եւ դրա դիմաց ստանում եմ կոպեկներ: Ես ասում եմ՝ կրճատեք իմ ժամերը, ինձ տվեք կես դրույք, բայց բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի եւ ես զբաղվեմ լեզվաբանության զարգացմամբ: Երկու տարում խոստանում ենք սեղանին դնել 10 դասագիրք՝ բոլորովին նոր մեթոդներով, ըստ առանձին ֆակուլտետների: Ինձ հովանավորեք, ես զարգացնեմ գիտություն»,-ասաց դասախոսը: