Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Վերջին ժամանակներս ոչ միայն հասարակության մեջ, այլև խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիան: Ընդ որում, քննարկվում է ոչ թե բուն կոնվենցիան, այլ դրա անվան տակ քողարկված՝ մեզ համար խորթ երևույթներ: Մենք ըստ էության խոսում ենք մի հիվանդության մասին, որը հիվանդի մոտ որքան աննկատ առաջանում, նույնքան աննկատ էլ հեռանում է և չունի ժառանգաբար փոխանցվելու որևէ հատկություն: Դրա բուժման խնդիրը բացառապես ժամանակային ու սերնդային է»:
Նրա խոսքով՝ այս թեմային արհեստածին թափ հաղորդելով փորձ է արվում խթանել հիվանդության տարածումը. «Ստացվում է, որ ընդունում ենք հայաստանյան իրականության մեջ տվյալ երևույթի արդիական լինելը, ինչը չի համապատասխանում իրականությանը»:
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց այս արհեստականորեն ստեղծված օրակարգը դուրս բերել ոչ միայն խորհրդարանից, այլև ՀՀ սահմաններից. «Քանի որ մեր երկրում մենք չունենք նմանօրինակ խնդիր, այն էլ՝ իրավական կարգավորման համատեքստում: Ինչպես բժիշկները բուժվող պացիենտից կարող են վարակվել այս կամ այն հիվանդությամբ, այնպես էլ գործընկերներիս հորդորում եմ չդառնալ վերոնշյալ հիվանդության տարածողը, քանի որ անգիտակցաբար կարող եք դառնալ նաև դրա կրողը»:
Մանրամասները՝ տեսանյութում: