Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը քաղաքական ապաստարան է ստացել Մեքսիկայում: Այս մասին հաղորդել է Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ «որոշումը կայացվել է մարդասիրական նկատառումներից» ելնելով: Էբրարդի խոսքերով՝ Բոլիվիայի հրաժարական տված նախագահը զանգել է իրեն և ընդունել է այդ առաջարկը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին բողոքի ակցիաների և անկարգությունների ֆոնին Մորալեսը հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ 13 տարվա պաշտոնավարումից հետո: Դրանից հետո հրաժարական տվեց Բոլիվիայի իշխանական վերնախավը:
Բոլիվիայում զանգվածային ակցիաները սկսվել էին հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Երկրի իշխանությունները մեղադրվում էին ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, ինչը հետագայում հաստատեց Ամերիկյան պետությունների կազմակերպության դիտորդների զեկույցը: