Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապօրինի գործողություններ է ծավալում Սիրիայի տարածքում, իսկ քրդերին նա որպես առիթ է օգտագործում: Այս մասին ՍԱՀ ղեկավարն ասել է RT-ին տված հարցազրույցում:
Ասադի խոսքերով, Էրդողանն իր սեփական նպատակներն է հետապնդում՝ կապված «Մուսուլման-եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության հետ: Եվ նաև, ինչպես նշել է Սիրիայի առաջնորդը, նա ԱՄՆ-ի խամաճիկն է:
«Միևնույն ժամանակ, «Դեմոկրատական միություն» կուսակցությանը պատկանող կազմավորումները նրան Սիրիա ներխուժելու առիթ են տվել: Դա ամենևին չի նշանակում, որ այն կատարվել է օրինական հիմունքներով. Էրդողանը գործում է ապօրինի կերպով, բայց նրա համար առիթն ապահովել են»,- հայտարարել է Ասադը:
Սիրիայի նախագահը հիշեցրել է նաև, որ Թուրքիայի առաջնորդը երկար տարիներ հայտարարել է Սիրիայի հյուսիսային տարածք ներխուժելու և «ահաբեկիչներից» այն «մաքրելու» իր մտադրության մասին, նկատի ունենալով «Դեմոկրատական միության» հետ կապված խմբավորումները:
Ասադը կարծում է, որ հենց այդ խմբավորումներն են Էրդողանին Սիրիայի տարածք ներխուժելու առիթ տվել: