Ըստ դեռևս չհրապարակված փաստաթղթի, ՌԴ մի շարք քաղաքացիներ պարբերաբար «հովանավորել են» պահպանողականների կուսակցությանը:
Ռուսաստանյան ծագման ինը ձեռնարկատերերի անունները հիշատակվել են Միացյալ Թագավորությունում «ռուսական ապօրինի գործունեության» մասին բրիտանական հետախուզության և անվտանգության գծով միջկուսակցական հանձնաժողովի (ISC) գաղտնի զեկույցում, հայտնում է The Times-ը:
Այնուամենայնիվ, զեկույցը դեռ չի հրապարակվել, քանի որ դրա հանրայնացումն արգելափակվել է բրիտանական կառավարության կողմից:
Զեկույցում, ընդհանուր առմամբ, հիշատակված է ինը ռուսաստանցի: Նրանց թվում է նաև ՅՈւԿՕՍ նավթային ընկերության խորհրդի նախկին փոխնախագահ Ալեքսանդր Տեմերկոն: Ըստ զեկույցի, վերջին յոթ տարիների ընթացքում նա, իբր, պահպանողականներին տվել է ավելի քան 1.2 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Նշված է նաև Եվգենի Լեբեդևը, Ալեքսանդր Լեբեդևի որդին, լոնդոնյան Evening Standard պարբերականի սեփականատերը: «Պահպանողականների ևս մեկ հովանավոր» է անվանվել Լյուբով Չեռնուխինան՝ ՌԴ ֆինանսների նախարարի նախկին տեղակալի կինը: Ըստ զեկույցի, միայն 2018-ին նա պահպանողական կուսակցության գանձարանին նվիրաբերել է ավելի քան 450 հազար ֆունտ ստեռլինգ:
Փաստաթղթում նշվում է Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնի կապը այս բոլոր մարդկանց հետ: