Օրերս Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստն անցկացվեց Գյումրիում։ Մինչ այդ էլ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցի ընթացքում պարզվեց, որ Կրեմլը կրկնապատկում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը։ Այս ընթացքում ՀՀ քաղաքացիները հիշեցին, թե ինչպես 2015թ․հունվարին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը ոչնչացրեց մի ողջ ընտանիքի, իսկ անցյալ տարի էլ դարձյալ ռուս զինծառայողը սպանեց մի կնոջ։
Ո՞րն է երաշխիքը, որ Գյումրին այսուհետև ապահովագրված կլինի նման միջադեպերից։
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծում է, որ, վաղ թե ուշ, այդ ռազմաբազան հեռանալու է Գյումրիից։
«Ես չգիտեմ, թե իրենք ինչ են հաշվարկել, ինչ չեն հաշվարկել, այդ մասին պետք է հարց ուղղել ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Իսկ Գյումրիում տեղի ունեցածի նման դեպքեր լինում են ամեն տեղ։ Հիշեք Օկինավայի դեպքերը, երբ ամերիկյան բազան այնտեղ էր, ինչեր էին լինում։ Այդպիսի դեպքեր լինում են, երբ օտար ռազմաբազաներ են լինում քո երկրում։ Ես անընդհատ ասում եմ, որ մենք չպետք է վճարենք ռուսական ռազմաբազայի համար, ռազմաբազան տվյալ պետությունն է պահում՝ իր շահերից ելնելով։ Նրանք մեզ պաշտպանելու համար չեն, այլ իրենց շահերից է դա բխում։ Ես ընդամենը ասում եմ, որ Իրանից սահմանապահները դուրս գան, մենք ինչ-որ չափով մեզ վրա վերցնենք սահմանների պաշտպանությունը։ «Զվարթնոց» օդանավակայանում չպետք է լինեն այդ խմբավորումները։ Ինչ-որ չափով մենք մեր անվտանգությունը մեր ձեռքում պետք է պահենք։ Այսօր օտարին ձեռնտու է այստեղ լինելը, վաղը կարող է ձեռնտու չլինել, հինգերորդ շարասյուն են ստացվում։ Հին Հռոմում կար այդ ավանդույթը․ կայսրերը բերում էին, վարձու զորք էին պահում, վերջիվերջո, այդ նույն վարձու զորքը դուրս էր գալիս այդ նույն կայսրի դեմ։ Ի վերջո, մեր անվտանգությունը մենք պետք է պահպանենք»,- ասաց Շահեն Պետրոսյանը։