Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:
– Հարգելի պարոն Լավրով, չնայած հրապարակային հայտարարություններին, ռուսական լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում հաճախ կարելի է հանդիպել դատողություններ առ այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշակի «անվստահությամբ» է վերաբերվում Հայաստանի նոր իշխանություններին: Մեր երկրների հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:
– Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին:
Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում:
Բարձրագույն եւ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկան, միջգերատեսչական և միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը դրա վկայությունն են: Այս տարի տեղի են ունեցել Ն.Վ.Փաշինյանի 4 հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հետ: Նույնքան էլ՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ Դ.Ա.Մեդվեդևի հետ: Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձևավորել ապագայի համար:
Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը. նրա մասնաբաժինը Երևանի արտաքին առևտրում կազմում է ավելի քան 26%: Օտարերկրյա բոլոր ներդրումների 45%-ը բաժին է ընկնում մեր երկրին: Իրականացվում են մի շարք լայնածավալ համատեղ ծրագրեր: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություններ: Առաջընթաց է ապրում միջտարածաշրջանային համագործակցությունը: Խորանում են մարդկանց շփումները, փոխանակումները մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:
Իհարկե, այդպիսի ծավալի եւ բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ: Առաջացող խնդիրների կարգավորման համար մենք ձևավորել ենք արդյունավետ մեխանիզմներ: Ռուս-հայկական հարաբերությունների ապագային նայում ենք լավատեսորեն:
– Հայաստանի ղեկավարները հայտարարում են, որ փորձում են «չխաղալ» մեր տարածաշրջանում գերտերությունների հակասությունների վրա, այլ, ընդհակառակը, ստեղծել պայմաններ դրանց հարթեցման համար: Որքանո՞վ հաջող եք համարում այդ փորձերը:
– Մեր կարծիքով՝ Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Նշում ենք հայ ընկերների՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները պահպանելու եւ ամրապնդելու, հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմ միավորումներին եռանդուն մասնակցության հակվածությունը:
ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայումս բավականին հետաքրքրված և արդյունավետ նախագահությունը դրա ցայտուն հաստատումն է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Մոսկվան և Երևանը համատեղ աշխատում են հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներուժի հետեւողական ավելացման վրա: Հայ գործընկերների հետ մենք նաև ձգտում ենք առավելագույնս ներգրավել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծամասնությանը միավորող ԱՊՀ-ի զգալի հնարավորությունները:
– Ինչպե՞ս կգնահատեիք սիրիական հարցի կարգավորման քաղաքական գործընթացը
– Վերջին շրջանում այդ ուղղությամբ հնարավոր եղավ հասնել բավականին էական առաջընթացի: Առաջատար դերն այստեղ, անշուշտ, պատկանում է Աստանայի ձևաչափին (Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Այդպես, հոկտեմբերի 30-ին Ժնևում բացվեց սիրիական Սահմանադրական կոմիտեի առաջին նիստը, որում մասնակցում են կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հիշեցնեմ, որ դրա ստեղծման մասին որոշումն ընդունվել է Սոչիում 2018թ.-ի հունվարին անցկացված սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի արդյունքներով: Առաջին անգամ հնարավոր դարձավ գործարկել ուղիղ միջսիրիական ուղիղ երկխոսություն այն հարցերի շուրջ, որոնք կապված են Սիրիայի Արաբական Հանրապետության Հիմնական օրենքի հետ: Հիմա սիրիացիները պետք է ինքնուրույն, առանց որեւէ միջամտության, առանց արտաքին ճնշումների կամ արհեստական ժամկետներ պարտադրելու պայմանավորվեն համապատասխան հարցերի ամբողջ շրջանակով:
Այդ երկրում առկա իրավիճակի տեսանկյունից նշեմ Սոչիում հոկտեմբերի 22-ին Վ.Վ.Պուտինի և Ռ.Թ.Էրդողանի անցկացված բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններն այն միջոցների մասին, որոնք միտված են իրավիճակի լիցքաթափմանը Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արեւելքում: Ռուս-թուրքական հուշագիրը կարևոր քայլ դարձավ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգման գործում:
Անշուշտ, սիրիական ճգնաժամի վերջնական կարգավորման բաղկացուցիչ մաս կոչված է դառնալու Սիրիայի վերադարձը «արաբական ընտանիք»: Խոսքն Արաբական պետությունների լիգայում Սիրիայի անդամակցությունը վերականգնելու մասին է: Այս հարցը, մեր կարծիքով, վաղուց է հասունացել:
Քաղաքական «ուղու» առաջընթացի ֆոնին աճում է միջազգային հանրության ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ առանց որևէ նախապայմանների բոլոր սիրիացիներին համակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելու առումով: Մենք գնահատում ենք հայկական կողմի ավանդը, որը մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիային, աշխատանքներ է իրականացնում պայթուցիկ նյութերի ականազերծման և ոչնչացման ուղղությամբ, ինչպես նաև բժշկական օգնություն է տրամադրում: Մենք մեր հայ գործընկերների հետ համատեղ մարդասիրական գործողությունների փորձ ունենք: Համոզված եմ, որ պետք է շարունակենք այդ պրակտիկան:
Ռուսաստանն իր հերթին նույնպես ակտիվորեն նպաստում է Սիրիայում հումանիտար խնդիրների լուծմանը: Խմեյմիմ ավիակայանում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնն ամենօրյա հիմքով պարենամթերք և առաջին անհրաժեշտության իրեր է մատակարարում երկրի տարբեր մասեր: Ռուսաստանցի սակրավորները ականազերծել են բազմաթիվ բնակավայրեր և կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ:
– Վերջին 1.5 տարվա ընթացքում շփման գծում և միջպետական սահմանում արձանագրվող լարվածության որոշակի նվազումը չի նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում համարժեք առաջընթացի: Եթե ավելի լայն նայենք հարցին, արդյո՞ք հնարավոր եք համարում հակամարտության կարգավորումն այն պայմաններում, երբ բանակցությունների ողջ ընթացքում Ադրբեջանը երբևէ հրապարակային հայտարարություն չի արել այն մասին, որ պատրաստ է ընդունել հանրաքվեի արդյունքները, որը, միջնորդների առաջարկության համաձայն, նախատեսվում է անցկացնել Լեռնային Ղարաբաղում` քաղաքական կարգավիճակը որոշելու համար:
– Մենք ողջունում ենք հարաբերական կայունության պահպանումը սահմանին և շփման գծում: Մենք կարծում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն:
– Վերջերս լրացավ Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 10-ամյակը, որին դուք ներկա էիք եվրոպական և ամերիկյան դիվանագիտության ղեկավարների հետ միասին։ Հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը առանց այն ղարաբաղյան կարգավորման հետ կապակցելու և արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է դրանում դեր խաղալ:
– Ռուսաստանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների ապասառեցմանը այդ գործընթացի ակտիվ փուլում՝ 2007-2009 թվականներին:
Արդյունքը եղավ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի Արտաքին գործերի նախարարների և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի ներկայությամբ երկու երկրների միջև «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը։
Փաստաթղթերը ներառեցին երկու կողմերի համար զգայուն հարցեր՝ արձանագրությունների կատարման «որևէ նախապայմանի բացակայության» մասին դրույթը և արձանագրությունները տարածաշրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ընդհանուր ջանքերի համատեքստում իրագործելու անհրաժեշտության մասին կետը:
Մեկնաբանելով արձանագրությունների ստորագրման արդյունքները՝ ես մեր երկրի անունից հայտարարել էի, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին Հայաստանի և Թուրքիայի հետ համագործակցության ծրագրերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկայի և տրանսպորտային-հաղորդակցական ոլորտներում:
Հայ-թուրքական կապերի կարգավորումը, նախ և առաջ, Երևանի եւ Անկարայի երկկողմ օրակարգի հարց է: Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ։
Կարծում ենք, որ նման հնարավորությունը պահպանվում է։ Մեր կողմից պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին։ Առավել ևս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլորտի առողջացմանը, այնտեղ անվտանգության և կայունության ամրապնդմանը։