ԼԳԲՏ հակառակորդները բողոքի ցույց են կազմակերպել Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնի մոտ՝ Լեվան Աքինի ոչ ավանդական սիրո մասին «Եվ հետո մենք պարեցինք» շվեդ-վրացական դրամայի պատճառով, հաղորդում է «Sputnik-Georgia»-ն:
Մարդիկ բողոքում են ֆիլմի ցուցադրման դեմ, որը պատմում է իր մրցակցին սիրահարված երիտասարդ պարողի կյանքի մասին:
Ըստ վերջին տվյալների, կինոթատրոնի մոտ մի քանի հարյուր քաղաքացի է հավաքվել: Նրանք շրջափակել են երթևեկելի ճանապարհահատվածը և փորձում են ոստիկանների կազմած պատը ճեղքել և մուտք գործել կինոթատրոնի շենք: Նրանց ձեռքերում պաստառներ կան՝ «Սոդոմիայի օրինականացումը և քարոզչությունը ժողովրդի ցեղասպանություն է» մակագրությամբ:
«Կեցցե՛ Վրաստանը»,- վանկարկում են ցուցարարները:
Դրանից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: Շենքի դիմաց շարվել են սաղավարտներով և վահաններով ոստիկաններ: Բացի այդ, մի քանի ցուցարար բերման է ենթարկվել: