Լուրեր
Թող քննություն կատարեն և պարզեն․ մեր ունեցած տեղեկություններով՝ դա Վանեցյանն է
  • 12:45
  • 2019-11-08
  • Դիտումներ՝ *

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ՊՊԾ գունդը գրավելու գործով դատական նիստի ընթացքում հայտարարել էր, որ պարոն Արթուր Վանեցյանը շատ բան գիտի զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործի մասին, և հենց նա է այն մայորը, որ Արայիկ Խանդոյանի հետ կապ է հաստատել, ինչը պարոն Վանեցյանը «պատասխանատու կերպով» հերքել է:

Այս առնչությամբ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Վանեցյանը այս ամբողջ գործողության ընթացքում կարևոր դերակատար է եղել. կարող ենք ասել, որ գետնի վրա ԱԱԾ-ի կողմից նշանակված կոորդինատորն է եղել: Եվ նա իր կարգավիճակի և իր այդ պատասխանատվության շրջանակի բերումով, հարկավ, ամեն ինչ գիտի»:

Մեր զրուցակցի խոսքով՝ երկրորդական է այն հարցը, թե ի՞նքն է պարոն մայորը, թե՞ ոչ. «Նա հերքելիս հարցերի կարևորության հերթականությունը փոխել է և բերել է այն համատեքստի մեջ, թե՝ ես չեմ մայորը, ուրեմն ես ոչ մի կապ չունեմ այդ ամենի հետ: Սակայն այդպես չէ»:

Վարուժան Ավետիսյանը համաձայն է. «Թող քննություն կատարեն և պարզեն: Մենք փորձագետներ չենք և լաբորատորիա չունենք: Մեր ունեցած տեղեկություններով՝ դա Վանեցյանն է: Բայց 100 տոկոսով համոզվելու համար պետք է իրականացվի քննություն և փորձաքննություն»:

Դիտարկմանը՝ Վանեցյանի դերակատարությունը առերևույթ չի եղել, այլ ավելի շատ հետկուլիսյան գործողությունների մասին է խոսքը, Վարուժան Ավետիսյանը արձագանքեց. «Յուրա Տեփանոսյանի սպանությունն էլ է հետկուլիսյան սխեմայով որոշվել: Դա նկատի ունենալով էլ ես այդպիսի հայտարարություն եմ արել: Սա ընդամենը թելի կծիկը ինչ-որ տեղից բռնելու հորդոր է, որովհետև այնտեղ եղել են շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ավելի իրազեկ են»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *