ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով բեմադրված «ՀուԶանք և Զանգ» ներկայացման շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ: Անդրադառնալով դիտարկմանը, որ, թեև ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիստական պոեզիայի՝ ստեղծագործությունների էքսպերիմենտալ վերընթերցում էր, սակայն հանդիսատեսի մի հատված այն սվիններով ընդունեց, ավելին՝ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը, Վ. Մկրտչյանն ընդգծեց, որ ոչնչից մեծ աղմուկ է բարձրացվել: «Ընդամենը մեկ հերթական փորձ էր, փորձառություն, որը հանդիսատեսի մի հատվածին դուր է եկել, մյուսին՝ ոչ: Որպես մասնագետ՝ զարմանում եմ, թե ինչպիսի թեթևությամբ են ոչ մասնագետները խոսում ներկայացման որակի մասին: Չեմ կարծում, թե որևէ ներկայացում, անկախ նրա հաջողության կամ անհաջողության չափից, կարող է այսքան աղմուկ բարձրացնել: Կարծում եմ, որ այս աղմուկը առավելապես այլ շերտեր ունի, ինչ-որ ուժեր արտաարվեստային նպատակ են հետապնդում: Այս քննադատությունների մեջ արվեստային նպատակ դեռ չեմ լսել»:
Կարևոր հանգամանք է այն, որ նախարարությունը 2,7 միլիոն դրամ է հատկացրել. հարց է առաջանում՝ արդյոք ի՞նչ խնդիր է դրել իր առջև նախարարությունը և արդյո՞ք լուծվեց այդ խնդիրը: Վ. Մկրտչյանի խոսքով՝ մշակութային արտադրանք ստեղծելու գործընթացում որևէ մեկը չի կարող երաշխավորել ստեղծագործության վերջնարդյունքը: «Մշակութային արժանի իրադարձություններ են տեղի ունենում, սակայն չեն լուսաբանվում, ինչո՞ւ լավի մասին չի խոսվում…,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մեր հասարակությունը գերքաղաքականացված է»:
Մանրամասն՝ տեսանյութում: