2019-ի մայիսի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել Վլադիմիր Զելենսկիին՝ շնորհավորելով նրան Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև նա իր ուկրաինացի գործընկերոջն անսասան աջակցություն է խոստացել Միացյալ Նահանգների կողմից: Նամակը հրապարակել է Daily beast պորտալը:
Նամակում Թրամփը հավաստիացրել է Զելենսկիին, որ Վաշինգտոնը և Կիևը անսասան գործընկերներ են, որոնք համատեղ աշխատում են «Եվրատլանտյան համայնքում ինտեգրված կայուն, բարգավաճ և ժողովրդավարական Ուկրաինայի միասնական տեսլականն իրականացնելու ուղղությամբ»:
«Ձեր ընտրությունն ապացուցեց, որ ժողովրդավարությունը հնարավոր է նախկին Խորհրդային Միության ցանկացած երկրում:
Ուկրաինայի հաջողությունը ժողովրդավարության հաղթանակի օրինակ է՝ վերածնվող բռնապետության նկատմամբ»,- գրել է Թրամփը:
Բացի այդ, ամերիկյան առաջնորդը Զելենսկիին հրավիրել է Սպիտակ տուն:
Ըստ պորտալի, նամակի լեզուն զգալիորեն տարբերվում է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ելույթներից, որոնք նա հնչեցրել է իր վարչակազմի ներկայացուցիչների հետ անձնական զրույցներում: