Լուրեր
Հայաստանը հայտնվել է վտանգավոր ձևաչափում․ բախումների դեպքում ինչպես կպահի իրեն ՀԱՊԿ-ը
  • 21:45
  • 2019-11-05
  • Դիտումներ՝ *

Այսօր Երևանում անցկացվում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստը։

Հայկական կողմը՝ ի դեմս վարչապետի, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության ու անվտանգության գլխավոր գործոնն է։ Այդուհանդերձ, պաշտոնական մակարդակում հերթական անգամ չեն ասի այն մասին, որ Հայաստանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները ՀԱՊԿ-ը, թերևս, չի կատարում։ Ինչո՞ւ այս տարիների ընթացքում մենք ՀԱՊԿ-ի կողմից որևէ զսպող կոչեր չենք լսել՝ ուղղված Ադրբեջանին․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ձևաչափի պահանջը իսկապես այդպիսին է՝ ցանկացած ոտնձգություն ցանկացած պետության դեմ պետք է արձագանք ստանար և՛ ՀԱՊԿ ընդհանուր մարմինների կողմից, և՛ առանձին վերցրած պետությունների կողմից։ Երբեք այդպես չի եղել՝ երբ մեզ է վերաբերվում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ոտնձգություններ են եղել ոչ թե Արցախի, այլ զուտ Հայաստանի սահմանին, նույնիսկ զոհեր էլ են եղել, մենք որևէ արձագանք չենք լսել։ Ճիշտն ասած՝ դա մի կողմից ողբերգություն է, բայց մյուս կողմից էլ լավ է, որ կարելի է մոտավորապես պատկերացում կազմել, թե ինչ կլինի, եթե ավելի լուրջ բախումներ լինեն։ Ինչպե՞ս իրեն կպահի ՀԱՊԿ-ը։ Արդյոք մենք կզգա՞նք, որ ունենք դաշնակցային կառույց, թե՞ դա կլինի այլ կերպ։ Ցավոք, պատմությունը ցույց է տալիս, որ երևի թե կլինի այլ կերպ»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց․ «ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի տարբերության ամենաակնհայտ ցուցանիշն այն է, որ ՆԱՏՕ-ում չկա պետություն, որը մյուսների նկատմամբ ունի ակնհայտ անվտանգային մեծ առավելություն։ ՀԱՊԿ-ում որևէ պետություն չի կարող համեմատվել ՀԱՊԿ-ում գերիշխող և իր շահերն առաջ տանող պետության՝ Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները կարող են իրար հակասող գործողություններ իրականացնել, օրինակ՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան։ ՀԱՊԿ-ում այդպիսի բան դժվար է պատկերացնել, այնտեղ ամեն ինչ ստանդարտ է։ Այդ աստղաձև կառույցում աստղի թևերից որևէ մեկը, օրինակ՝ Հայաստանը, չի կարող ազդեցություն ունենալ աստղի կենտրոնի՝ Ռուսաստանի վրա։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև մյուս անդամ-պետություններին»։

Իսկ քաղաքագետ Վարդուհի Հարությունյանն էլ ասաց․ «Հայաստանի կողմից մշտապես բարձրաձայնվում են այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք։ Սրանով է պայմանավորված այն, որ Հայաստանը փորձում է արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանք տանել։ Սակայն այստեղ մի խնդիր կա։ Հայաստանում միշտ փորձ է արվում ներկայացնել իրավիճակն այնպես, որ ՀԱՊԿ-ում հիմնական տուժող կողմը Հայաստանն է, սակայն նման իրավիճակ առաջանում է նաև մյուս երկրների պարագայում։ Նույնիսկ Ռուսաստանը, օրինակ, կցանկանար, որ Սիրիայում ՀԱՊԿ-ի դրոշի տակ ինչ-որ կոնտինգենտ լիներ, բայց այս հարցի շուրջ ՀԱՊԿ-ի շրջանակներում հնարավոր չի եղել ձեռք բերել պայմանավորվածություն»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *