Լոս Անջելեսում հայտնի են դարձել MTV Movie Awards կինոմրցանակի հաղթողների անունները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հավակնորդների շարքում առցանց քվեարկություն են կատարել հեռուստադիտողները: Միջոցառումը վարել է կատակերգու Քոնան Օ՝Բրայանը:
Պոպկորնով լի ոսկե բաժակի տեսքով մրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում բաժին է հասել «Քաղցած խաղեր. Բռնկում» (The Hunger Games: Catching Fire) ֆիլմին: Ֆիլմը մրցանակների է արժանացել նաև կնոջ և տղամարդու լավագույն դերերի համար: Մրցանակները ստացել են Ջենիֆեր Լոուրենսն ու Ջոշ Հաթչերսոնը:
Ջոն Հիլը մրցանակ է ստացել «Լավագույն կատակերգական դերի համար»՝ «Ուոլ սթրիթի գայլը» (The Wolf of Wall Street) ֆիլմում:
«Լավագույն էպիզոդիկ դերի» համար պարգևատրվել է Ռիհաննան, ով հայտնվել է «Աշխարհի վերջ 2013. Ապոկալիպսիս հոլիվուդյան ձևով» (This Is the End) ֆիլմում:
Մարկ Ուոլբերգը ստացել է «Սերունդների ճանաչում» մրցանակը, իսկ նորարարի տիտղոսը բաժին է հասել Չենինգ Տատումին:
Նշենք, որ մրցանակը հանձնվում է 1992 թվականից:












































