Իրանը 30 նոր ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար և իր ձեռնարկություններում զգալիորեն ավելացրել է ցածրհարստացված ուրանի արտադրությունը: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 4-ին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հաղորդել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նրա խոսքով՝ Թեհրանը «ձեռնամուխ է եղել կատարելագործված 30 նոր ցենտրիֆուգների գործարկմանը ուրանի հարստացման համար»: Սալեհին հավելել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում երկրում ցածրհարստացված ուրանի արտադրությունն ավելացել է տասն անգամ: «Մենք չէինք պատրաստվում նման քայլեր ձեռնարկել, բայց Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը մեզ ստիպեց անել դա»,- նշել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: