Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Մեր զրուցակիցը այս առնչությամբ ընդգծեց՝ սա մեծ պատմական քայլ էր. «Մենք բոլորս պետք է հպարտանանք և ուրախանանք այս բանաձևի ընդունմամբ: 405 կողմ քվեարկությունն արդեն վկայում է, որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները կողմ են քվեարկել: Սա նաև ցույց է տալիս, թե որքան աշխատանք են կատարել Ամերիկայի հայկական համագումարը և այլ կազմակերպություններ ու անհատ ակտիվիստներ»:
Արփի Վարդանյանի խոսքով՝ սա կապված է ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների, այլ Ամերիկայի պատմության հետ. «Որոշ մարդկանց կողմ քվեարկությունը գուցե կապված է Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ, բայց ոչ բոլորի»:
Հարցին՝ Ցեղասպանության ճանաչումից հետո լոբբիստական կազմակերպություններն ինչո՞վ են զբաղվելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե լոբբիստական կազմակերպությունները զբաղվում են միայն Ցեղասպանության ճանաչմամբ, սխալվում են: Մենք տարբեր բաներով ենք զբաղվում. առաջին մարդասիրական օգնությունը Ղարաբաղում ցուցաբերվել է մեր ջանքերի շնորհիվ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: