ԵԱՀԿ-ն ողջունում է Երևանի և Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայուն անվտանգ իրավիճակ ապահովելու ջանքերը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Բանակցային գործընթացի դինամիկան փոքր-ինչ դանդաղել է, սակայն մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում Բրատիսլավայում (դեկտեմբերի 5-6) ծրագրված հանդիպումը նոր թափ կհաղորդի գործընթացին»,- ասել է Գրեմինգերը:
Նրա խոսքով՝ կայուն անվտանգություն ապահովելուն ուղղված քայլերը շատ կարևոր են, քանի որ հակամարտության կողմերում մարդկային կյանքի կորուստն անթույլատրելի է, իսկ մարդկային կյանքի պաշտպանությունը թե քաղաքացիական, թե ռազմական կառույցների պարտավորությունն է: Գրեմինգերն ընդգծել է վստահության կառուցման քայլերը: «Դրանցից մի քանիսն արդեն իրագործվել են, մասնավորապես Երևանի և Բաքվի միջև ուղիղ կապի ստեղծումը: Այս ամենը դրական արդյունք կբերի»,-նկատել է նա:
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը կարևորել է Բրատիսլավայում նախարարական հավաքի հնարավորությունն օգտագործելով՝ ԼՂ հակամարտության կողմերի միջև դրական միջավայր ապահովելը: «Մոտեցումների մերձեցման և փոխզիջման հասնելու համար էլ հենց կարևորվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը»,-նշել է համանախագահող երկրներից մեկի ԱԳ նախարարը: