Լուրեր
Կային մարդիկ, ովքեր Հոկտեմբերի 27-ից հետո երջանկությունից փայլող աչքերով դուրս եկան ԱԺ-ից

«Գարուն» ամսագիրը ազգային ազատագրական շարժմանը մի քանի նախարար և տարբեր պաշտոնյաներ տվեց, և դա պատահական չէր, որովհետև «Գարունը» երկար տարիներ եղել էր մտքի խառնարան: Երբ շարժումն սկսվեց, և գարունականներից շատերը դարձան առաջամարտիկներ և հայտնվեցին իշխանության մեջ, մեր աչքի առաջ տեղի էին ունենում մետամորֆոզներ: Գիտեք՝ ջուրն ու հուրը մարդուն այնքան չեն փոխում, որքան պղնձյա փողերը՝ իշխանությունն ու փառքը և ազատությունը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի գրչակից ընկերը՝ արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը: Նա նաև հավելեց, որ երբ եղավ մի շրջան, որ անգամ փողոցներից էին երիտասարդներին հավաքում-տանում ռազմաճակատ, ստեղծվեց Վազգեն Սարգսյան «բոբոյի կերպարը»՝ ինչպես ինքն էր իրեն բնորոշում:

«Գարունականներիս համար կարծես ներքին խնդիր էր դարձել հասկանալ՝ ինչ էր կորցրել Վազգենն այդ 4-5 տարիներին և ինչ էր գտել, երբ դուրս էր եկել «Գարունից»: Ե՛վ նրա կենդանության օրոք, և՛ հիմա, Վազգեն Սարգսյանին կա՛մ շռայլորեն գովում են, կա՛մ փնովում են ամեն ինչի համար: Վազգենին գովելու կամ փնովելու կարիք չկա, նա իր գործն արել է, երբ որ հեռվից կնայեն, գուցե հասկանան՝ ինչ է կատարվել»,- նշեց Կ. Խոդիկյանը:

«Նրա մահվանից մի քանի ամիս առաջ էր. ես տեսա այն Վազգեն Սարգսյանին, որը սեպտեմբերի 26-ին լաց էր լինում՝ իր տղամարդկային արցունքներից չամաչելով, իսկ լաց է լինում ուժեղ տղամարդը, որը նաև վստահություն ունի իր ուժերի վրա, և երկրին տեր լինելու զգացողությունն ունի, ես հավատացի նրա և՛ խոսքերին, և՛ լացին: Նա պատմում էր, թե երկիրն ինչ վիճակում է, և ինչքան գործ կա անելու»,- հիշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող էր Վազգեն Սարգսյանի նման գործիչը չզգալ վերահաս վտանգը, Կարինե Խոդիկյանը նշեց, որ այդ օրերին հաճախ կարելի էր տեսնել, որ նա իր մեքենան վարում էր՝ բաց պատուհաններով. «Երևի ինչպես բոլոր գրողները, նա մտածում էր՝ այն ինչ պիտի լինի, կլինի…  Պետք է հարցն այլ ուղղությամբ տանել. ինչո՞ւ անվտանգության համար պատասխանատու կառույցները չեն զգուշացրել այդ մասին: Այդ չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 27-ը, տաք օր էր, բոլորս շատ թեթև էինք հագնված, և երբ որ այդ բանդան, անձրևանոցները հագած, մտավ ԱԺ դահլիճ, անվտանգության պատասխանատուներից որևէ մեկը չհարցրե՞ց՝ ինչո՞ւ եք այդպես հագնվել: Ես չեմ հավատում, որ զենքերը նրանք էին ներս տարել: Գողը մինչև տնից չլինի, եզը երթիկից չեն հանի… Ներսում դավաճաններ են եղել և թիկունքից են հարվածել… Կային մարդիկ, ովքեր Հոկտեմբերի 27-ից հետո երջանկությունից փայլող աչքերով դուրս եկան ԱԺ-ից»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *