ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը եւ Ժասլան Նուրտազինը: Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը եւ Վիլյամ Պրայորը: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի սահմանները, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: