Լուրեր
Հիմա նույնն է, ինչ 1999-ին, էյֆորիա է. Տիգրան Պասկևիչյան
  • 22:15
  • 2019-10-29
  • Դիտումներ՝ *

Վազգեն Սարգսյանի Puzzle-ն այդպես էլ մնաց չհավաքված։ Ու մնաց չհավաքված ոչ թե այն պատճառով, որ ամբողջական պատկերը չկար, այլ որովհետեւ չկային պատկերի մյուս դրվագները՝ չկային մարդիկ, ովքեր պիտի պաշտպանեին ու կառուցեին։ Այս խոսքի հեղինակը ռեժիսոր, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տ. Պասկևիչյանը մանրամասնեց. ««Միասնություն» դաշինքի քարոզչական պաստառների վրա Puzzle-ի երկու կտոր էր։ Մի կողմից՝ տեղի էր ունեցել անբնական միասնություն, մյուս կողմից՝ երկու հզոր անհատականություններ էին, որոնք չունեին թիկունք: Դա եմ նկատի ունեցել: Հետխորհրդային հասարակություններին բնորոշ է, որ ամեն ինչ կապվում է անհատների հետ, և որքան անհատները հզոր են, ակնկալիքներն ավելի մեծ են»:

Տիգրան Պասկևիչյանի կարծիքով՝ այսօր էլ առկա է հզոր անհատի հետ հույսեր կապելու խնդիրը: Նրա խոսքով՝ պետք է պատմության, նաև Հոկտեմբերի 27-ի դասերն ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ չպետք է անել այսօր:

«Ես վախենում եմ, որ այսօր էլ ունենք նույն իրավիճակը: Հիմա նույնն է, ինչ 1999թ. էյֆորիա է… Երբ որ քաղաքական դաշտը հստակեցվում է, ընտրությունները փայլուն են լինում, բայց կարևոր են հաջորդ ընտրությունները, գոնե երեք անգամ պետք է ընտրություններ լինեն, որպեսզի հասկանալի լինի, որ Հայաստանում քաղաքական դաշտ է ձևավորվել, գաղափարական բևեռներ են առաջացել և այլն: Դեռևս տեսանելի չէ, թե ինչ կառուցվածք է ունենալու մեր քաղաքական դաշտը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ դեռևս հայտնի չէ, թե ինչու հնարավոր դարձավ և ում թողտվությամբ տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, ովքեր էին շահառուները, Տիգրան Պասկևիչյանը նշեց. «Իբրև թե բոլորը գիտեին՝ ով է կազմակերել Հոկտեմբերի 27-ը, և ոչ ոք չգիտեր ով է, և ամեն ինչ կառուցվեց կասկածների վրա, ժամանակի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդ կասկածները խորանան: Կար կանխավարկած, որ իրենց ձեռնտու էր…»:

«Հոկտեմբերի 27-ը անսպասելի չէր, օդը հագեցած էր այդ վտանգներով: Անուններ չեմ տա, անգամ կար մեկը, ով հիմա հանգուցյալ է, փողոցում կանգնած ասում էր՝ ես Վազգենին գյուլլելու եմ: Ես շատ շփում չունեի Վազգենի հետ, բայց մի քանի անգամ տարբեր մարդկանց հասկացրել եմ, որ զգուշացնեն նրան: Բայց Վազգենը նման դեպքերում ջղայնանում էր և ասում՝ լարվածության մթնոլորտ մի՛ ստեղծեք»,- նշեց Տ. Պասկևիչյանը: Նրա կարծիքով՝ ոչ թե հասարակությանը, այլ պետությանն է պետք բացահայտել Հոկտեմբերի 27-ը.« Պետությունը պետք է դրա համար գումարներ տրամադրի, բայց դա այսօր հասարակական թամաշայի առարկա դարձնելը սխալ է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *