«Ես կարծում եմ, որ չպետք է չափազանց մեծ նշանակություն տալ՝ այսօ՞ր, թե՞ երկուշաբթի կհայտարարվի վարչապետի անունը: Կարևորը ոչ թե անունն է, այլ այն վերաբերմունքը, որ ցուցաբերվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ չափազանց կարևոր էր Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե նախագահի պաշտոնում այլևս չի առաջադրվի, նույնիսկ վարչապետի պաշտոնին չի հավակնելու. «Սա չափազանց կարևոր քաղաքական հայտարարություն է, որը պետք է ողջունել որպես քաղաքական դիրքորոշում և հայեցակարգ: Հայաստանն Ադրբեջան չէ, և Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են: Այդ պատասխանը պետք է տրվեր, որ որոշ ուժեր անընդհատ չքննարկեին»,- ասաց Մինասյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանն էլ ասաց, որ մենք արդեն հոգնել էինք մթնոլորտից, որի անունը գաղջ է, և ներկայացումը, որ սկսվել, է լավ ներկայացում է՝ «մեր քաղաքական կյանքը հետաքրքրացավ»:
«Ինձ համար այլևս կարևոր չէ վարչապետի անունը: Կարևոր դեր է, իհարկե, անհատը կատարում, բայց Սահմանադրության մասին հայտարարությունը հուսադրող է՝ մենք արդեն քաղաքական նոր կուրս ունենք, «եթե»-ի մեջ էլ ինտրիգ կար»,- ասաց նա:
Բանախոսներն անդրադարձան նաև ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» երեկվա հանդիպմանը: Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ դա քաղաքակիրթ աշխարհում ընդունված ձև է, որը նաև բովանդակություն է ստանում: Լևոն Տեր-Պետրոսյանն իր խնդիրներն է իրականացնում, ընդհանրապես քաղաքական ուժերը ընտրությունների հաջորդ օրվանից նախապատրաստվում են հաջորդ ընտրություններին»,- ասաց Մկրտիչ Մինասյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ ԲՀԿ-ն կարող է կոալիցիոն կառավարության մաս կազմել:
Ազատ Արշակյան էլ իր հերթին հայտարարեց, որ առաջին նախագահը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իր նախագահության տարիներին՝ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բայց քննարկումները մի քիչ ավելի ներգրավող են: Նրա խոսքով՝ սխալ էր նաև Սերժ Սարգսյանի հանդիպման հրավերը մերժելը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































