Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը միշտ եղել է արդիական, թեպետ եղան մարդիկ, որ հայտարարեցին, թե դա «участковый» գործ է և արդեն բացահայտված է, սակայն, իհարկե, այդպես չէ: Հոկտեմբերի 27-ի բացահայտումը շատ արդիական եմ համարում, մենք դրան սպասել ենք 20 տարի, և երբ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունը ամենաառաջին ակնկալիքներից մեկն էլ այն էր, որ ի վերջո կստեղծվի հնարավորություն և քաղաքական իշխանությունը չի խանգարի բացահայտել Հոկտեմբերի 27-ը: Եթե մենք չբացահայտենք, չհասկանանք ինչ է տեղի ունեցել և ինչ ազդեցություն է թողել Հոկտեմբերի 27-ը Հայաստանի պետականության վրա, չենք կարող որևէ կերպ առաջ գնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը՝ հիշեցնելով Հրանտ Մաթևոսյանի խոսքն այն մասին, որ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվեր հոկտեմբերի 29-ին, փակվեր այդ էջը և անցնեինք մեր ընթացքին:
«Նախկին քաղաքական իշխանությունները խոչընդոտել են Հոկտեմբերի 27-ի բացահայտումը. բացահայտման պրոցեսի դեմ եղել է շատ մեծ արգելք»,- նշեց Ա. Մանուկյանը՝ հավելելով, որ այս գործի բացահայտումն առաջին հերթին կնպաստի նման ոճրագործությունների կանխարգելմանը: Հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է կատարվել:
«Երբ մենք իմանանք, թե ինչ է կատարվել մեզ հետ և մաքրվենք այդ պրոցեսից, դրանից հետո միգուցե հնարավոր կլինի ապրել մեղավորների հետ առանց նրանց նկատմամբ հակակրանք ու թշնամանք ունենալու: Լյուստրացիաներից հետո գուցե ավելի հանդուրժող դառնանք: Գուցե հենց դա է ճանապարհը համերաշխության»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ երբ բացահայտվում է, թե ովքեր են մեղավորները, և նրանք կրում են պատիժը, նրանց ներելու հավանականությունն ավելի է մեծանում:
Մանրամասն՝ տեսանյութում: