HyeTert-ի («Հայ Թերթ») փոխանցմամբ՝ Թուրքիայում պատրաստվում են վերանորոգել հերթական հայկական եկեղեցին։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն։
Վերջինիս խոսքերով, շուտով մեկնարկելու են Բաշքալեի շրջանի (հին Աղբակ, Հադամակերտ) Ալբայրաք գյուղում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի վանքի վերանորոգման աշխատանքները։ Այդ նպատակով Քարալօղլուն այցելել է եկեղեցու ավերակներ և ուսումնասիրել դրանք։ Այդ ամենը միտված է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։
Եկեղեցու հիմքը դրվել է դեռևս 3-րդ դարում, 1915 թվականից սկսած այն չի գործում, ներկայումս կանգուն են միայն նրա զարդաքանդակներով լի պատերը։
Հիշեցնենք, որ թուրքական կողմը մտադիր է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը) Վանը վերածել աշխարհի ամենագրավիչ վայրի: Այդ նպատակին էր ծառայում և ծառայում Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը։








































