Աստիճաններ բարձրանալն օգտակար է առողջության համար։ Սակայն քանի՞ աստիճան է անհրաժեշտ հաղթահարել, որպեսզի դա համարվի լիարժեք մարզում։
Montreal Gazette-ը գրում է, որ եթե նպատակը առողջության ամրապնդումն է, կյանքի տևողության երկարաձգումը և մահվան վտանգի նվազեցումը, ապա բավական է օրական 2-4 աստիճանավանդակ հաղթահարել։
Տարատեսակ հետազոտությունները ցույց են տվել, որ աստիճաններով վերելքն ու վայրէջքը բարելավում են սրտանոթային համակարգի առողջությունը, արյան ճնշման, գլյուկոզայի, խոլեստերինի հավասարակշռությունը և նպաստում են քաշի նվազմանը։ Հատկապես արդյունավետ սիրտն աշխատում է աստիճաններ բարձրանալիս, այն կարելի է բարձր ինտենսիվությամբ մարզում համարել, իսկ աստիճաններ իջնելը՝ միջին ինտենսիվությամբ:
Գիտնականների խոսքերով, սրտանոթային համակարգը տոնուսի բերել հնարավոր է, եթե 8-12 շաբաթների ընթացքում շաբաթական 30-160 րոպե ակտիվ աստիճաններ բարձրանալ։
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ որոշակի ռեժիմով 20 վայրկյան տևողությամբ արագ վերելքը աստիճաններով նույնքան արդյունավետ է, որքան 60 վայրկյան տևողությամբ ավելի պակաս ինտենսիվությամբ վերելքը։