Լուրեր
Մեր ուժային ղեկավարները «սելեբրիթի» են. հայտնի գաղտնալսման բացահայտումը սկանդալային կլինի

Այսօր լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություններ են արել արդարադատության նախարարը և Քննչական կոմիտեի նախագահը: Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունում ներառված գործողություններից մեկը վերաբերում է անցումային արդարադատությանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է. «Ընտրված է անցումային արդարադատության այնպիսի մոդել, որով վեր են հանվելու նախկինում հիմնարար իրավունքի խախտման դեպքերը, անցումային արդարադատության մոդելում դրված չէ պատժիչ նպատակը: Այսինքն՝ պատժելու, հետապնդելու, քրեական գործեր հարուցելու նպատակ չի հետապնդելու, դա արված է նրա համար, որ, ի վերջո, հնարավոր լինի որոշակի գնահատական տալ ընտրությունների կեղծման կամ սեփականությունից զրկելու այն դեպքերին, երբ դրանք ակնհայտ ապօրինի են եղել»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հայտարարել է, որ հայտնի է, թե որտեղից է տարածվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցությունը: Հատկապես այս նորությունը շարունակում է մնալ հնարության ուշադրության կենտրոնում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը, վերլուծաբան Աղասի Մարգարյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ գաղտնալսման ամբողջական բացահայտումն այսօր էլ նույն հրատապությունն ունի՝ Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Այն օրերին, երբ դա տեղի էր ունեցել, անմիջական կապ ուներ իրավական գործընթացների հետ, բայց դա, մեծ հաշվով, արմատական անվտանգության հարց է: Սա մի բաց է մեր անվտանգության համակարգում, որն առ այսօր չի ստացել իր բացատրությունը: Այն, որ իշխանությունները չեն կարող բացատրություն ներկայացնել, թե դա ինչպես հնարավոր դարձավ, ըստ իս, լուրջ խնդիր է»: Ա. Ղուկասյանի խոսքով՝ այս հանցագործության բացահայտումը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ և սենսացիոն լինել»:

Աղասի Մարգարյանի խոսքով՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումը հանցագործություն է, և դրա բացահայումը մեկ տարի հետո պակաս կարևոր չի դառնում. «Գործ ունենք պետության անվտանգության դեմ կատարված հանցագործության հետ, և դրա բացահայտումը հրատապ է ու կարևոր»:

Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ կիբեռանվտանգության խնդիրն արդիական է, և ԱԱԾ ղեկավարի ու ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսման բացահայտումը շատ կարևոր է: «Դա հավասարազոր է սահմանները պահելուն»,- նշեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ առայժմ հայտնի է, թե որտեղից է ներբեռնվել, բայց պետք է նաև գաղտնալսողի անունը հրապարակվի:

«Մեր ուժային ղեկավարները «փիար պերսոններ» են, ես նման բան չեմ տեսել աշխարհում, ընդհակառակը՝ սովորաբար ուժայինները ստվերում են, իսկ մեզ մոտ նրանք, այսպես ասած, «սելեբրիթի» են, շոու բիզնեսի աստղերի նման էկրաններից չեն իջնում: Ավանդույթ է դարձել, որ ուժային կառույցի ղեկավարն է լուրը հայտնում հասարակությանը, ինչը խնդիր է»,- ընդգծեց Կ. Քոչարյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *