Լուրեր
Գևորգ Կոստանյանի հայտարարությունը ուշագրավ էր․ ինձ զարմացնում է այդ տղայի վարքագծի փոփոխությունը
  • 15:20
  • 2019-10-21
  • Դիտումներ՝ *

Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված հետապնդումը հակասում է ոչ միայն ՀՀ օրենսդրությանը, այլև Եվրոպական կոնվենցիային՝ հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է փաստաբան Նորայր Նորիկյանին:

Գևորգ Կոստանյանի այս հայտարարության առնչությամբ մեր զրուցակիցն ասաց. «Ինձ զարմացնում է այդ տղայի այսպես քրտնաջան և կարճ ժամանակահատվածում վարքագծի 180 աստիճանով փոփոխությունը: Մի քանի ամիս առաջ նույն Կոստանյանը հանդես էր գալիս սույն գործընթացներում Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցողի դերով, իսկ դրանից մի քանի ամիս առաջ էլ նույն փութաջանությամբ պաշտպանում էր Սերժ Սարգսյանին և փորձում էր հիմնավորել, որ Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետում առաջադրվելը պետության ղեկավարի պաշտոնում պատմական անհրաժեշտություն է, և որևէ հակասահմանադրական քայլ կամ գործընթաց տեղի չի ունենում: Եվ ընդհանրապես՝ փորձում էր հերքել անհերքելին»:

Իսկ ինչ վերաբերում է այս գործընթացին, Նորայր Նորիկյանն ընդգծեց՝ որևէ անձի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում, այլ հարուցվում է փաստի առթիվ. «Ուստի այդ բառակապակցության վրա կառուցված մնացած շարադրանքը ես թողնում եմ այդ անձի դատողությանը: Այս պահի դրությամբ ընդամենը փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, որը նյութերի նախապատրաստման փուլում է: Եվ մենք չգիտենք՝ վարույթ իրականացնող մարմինը վերջնարդյունքում ինչ որոշումներ կկայացնի»:

Այս ամենից ելնելով՝ Նորայր Նորիկյանը վաղաժամ կամ մտքի ճամարտակություն է համարում «հայտնի» նախկինների դրսևորած վարքագիծը:

Փաստաբանը հանրությանը խնդրեց ծանոթանալ նաև ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությանը, որտեղ հստակ նշվում է, որ ՍԴ դատավորի՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել ՍԴ համաձայնությամբ. «Հետևաբար շատ անհրաժեշտ է պարզաբանել, թե ենթադրյալ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումը որքանով առնչություն ունի Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավորի կամ անդամի՝ իր լիազորությունների իրականացման հետ: Ուստի այս պայմաններում ես վաղաժամ եմ համարում որոշակի այդպիսի գնահատականներ տալը»:

Նորայր Նորիկյանին, սակայն, ավելի շատ մտահոգում է, թե ՍԴ շուրջ ստեղծված խնդիրը ինչ հանգուցալուծում է ստանալու. «Վերջին օրերի քննարկումները և զարգացումները ինձ բերեցին մի շատ կարևոր հանգրվանի: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ եղել մինչև հիմա, ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է լինելու վաղը: Ես ուզում եմ տեսնել այնպիսի Սահմանադրական դատարան, որտեղ իսկապես կիրականացվի սահմանադրական արդարադատություն»:

Նրա խոսքով՝ այսօր ՍԴ-ն մխրճվել է մի ճահճում, որի մեջ ներքաշել է մեր հանրությանը, պետական համակարգի մի ամբողջ գերակշիռ հատվածին. «Այնպիսի տպավորություն է, որ մեր ամբողջ պետական համակարգը, բանուգործը թողած, զբաղված է ՍԴ-ում ինչ-որ խնդիր լուծելով, և այդ խնդիրը, դժբախտաբար, մինչ օրս չի լուծվում: Եթե դա է իրենց նպատակը, ապա դա շատ վատ նպատակ է և պետական միջոցների մսխման գործընթաց է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *