Լուրեր
ԱԺ-ն ՍԴ հարցով ամենավատ տարբերակն էր ընտրել. «դիրքապահ» Հրայր Թովմասյանը պետք է օր առաջ հեռանա

Ինչպես գիտեք՝ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության առնչությամբ Ազգային ժողովի դիմումի վերաբերյալ իր որոշումը, որով դատարանը որոշել է մերժել դիմումը վարույթ ընդունելը: ՍԴ այսպիսի որոշման սպասելիության մասին հայտարարել էին Ազգային ժողովի մեծամասնության մի շարք պատգամավորներ՝ փաստորեն չբացառելով, որ խորհրդարանի մեծամասնությունը կարող է մատնվել քաղաքական անհաջողության: Ի՞նչ մասին են վկայում հետագա զարգացումները:

Բացի դրանից, այսօր խորհրդարանական լսումներ էին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը»  ոչ պակաս կարևոր թեմայով:

Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գոռ Հակոբյանը, քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը և Ռոբերտ Ղևոնդյանը:

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Ազգային ժողովի դիմումը՝ մոտավորապես 90 էջանոց հիմնավորումն օդ կրակոցի նման էր: «Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնները դեռ պաշտպանած անձինք մի գրչի հարվածով հենց շեմից դուրս գցեցին. նույնիսկ կասկածներ ունեմ՝ այդ հիմնավորումները կարդացել են, թե ոչ: Պետք է ավելի համակարգային մոտեցում ցուցաբերվեր: Ես զարմացած եմ «Իմ քայլը» խմբակցության անհաշվենկատ մոտեցումից, մանավանդ որ պատգամավորների մի մասն այսպիսի պատասխան էր կանխատեսում. այդ դեպքում ինչո՞ւ եք ժամանակ կորցնում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ՍԴ շենքը զբաղեցվել է անհասկանալի մարդկանց խմբի կողմից:

Գոռ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու համար Ազգային ժողովը ընտրել էր ամենավատ տարբերակը. «Եթե կարծում եք, որ ՍԴ անդամների մեծամասնությունը դելեգիտիմ է, ինչո՞ւ եք նրանց դիմում իրենց անդամներից մեկին հեռացնելու առաջարկով»:

«Ունենք խորհրդարանական պետություն, բայց որոշումները չեն կայացվում Ազգային ժողովում»,- նկատեց Ռոբերտ Ղևոնդյանը:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ «դիրքապահ» Հրայր Թովմասյանը պետք է օր առաջ հեռանա: «Լեգիտիմ Ազգային ժողովին դեռևս չի հաջողվում Հրայր Թովմասյանին գցել իր զավթած թամբից»,- նշեց Ռ. Մեհրաբյանը՝ հավելելով, որ  առանց այդ ռադիկալ քայլի հնարավոր չէ դատաիրավական բարեփոխումներ իրականացնել, որոնց շնորհիվ երկիրն առաջ կգնա:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *