Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ հյուրընկալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցությունը: Այս հյուրընկալությանը երևի թե չարժեր ուշադրություն դարձնել, եթե չլիներ մի էական հանգամանք: Այս կուսակցության նախագահն է հայտնի Գառնիկ Իսագուլյանը, որը Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր, և որը չի էլ թաքցնում, որ հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանի վերադարձի օգտին: Եվ ահա սրանով այս հանդիպումը դառնում է իսկապես նշանակալի:
Այսինքն` «Բարգավաճ Հայաստանը» հայտնի քառյակի շրջանակից դուրս է գալիս և դուրս է գալիս, այսպես ասած, ակնհայտորեն պրոքոչարյանական գործչի միջոցով: Եվ սա, ըստ էության, իր մեջ մի քանի մեսիջ է պարունակում: Առաջին մեսիջը երևի թե ուղղված է նոր վարչապետի շուրջ քննարկումներին, որոնք հավանաբար կսկսվեն այսօր և տեղի կունենան Սերժ Սարգսյան-խորհրդարանականներ ձևաչափում: ԲՀԿ-Իսագուլյան-Քոչարյան հանդիպումն, ըստ էության, Սերժ Սարգսյանի վրա այդ քննարկումներից առաջ ճնշում բանեցնելու փորձ է:
Եվ հետաքրքրական է, որ այս փորձը տեղի է ունենում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակված հարցազրույցին զուգահեռ, որտեղ Տեր-Պետրոսյանն էլ վարչապետի պաշտոնանկությունը հաղթանակ է որակում և հայտարարում, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի միասնական պայքարը շարունակելու անհրաժեշտության մասին:
Այսինքն, ըստ էության, տեղի է ունենում ՀԱԿ-ԲՀԿ համատեղ ճնշում Սերժ Սարգսյանի վրա, ամենայն հավանականությամբ «ընդունելի վարչապետի» համար, որն ինչպես հայտնի է` հռչակվել է Հովիկ Աբրահամյանը: Եվ ամենայն հավանականությամբ այս հարցում, մեղմ ասած, որոշակիություն չկա, ինչով էլ պայմանավորված է նման համակարգված ճնշումը:
Սակայն, մյուս կողմից, Գագիկ Ծառուկյանի և Իսագուլյան-Քոչարյանի հանդիպումն, ըստ էության, նաև մեսիջ է Լևոն Տեր-Պետրոսյանին, այսպես ասած` միասնական պայքարի մասին նրա հայտարարություններին: Պատահական չէ, որ հանդիպումը տեղի է ունենում Տեր-Պետրոսյանի հարցազրույցին զուգահեռ: Խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը սույնով նաև նրան է ցույց տալիս, որ ինքն է, այսպես ասած, ընդդիմության կամ ոչ իշխանականների առաջնորդը և ցուցումների կարիք չի զգում, թե ինչ անել, ինչպես անել, և ինքն է որոշելու և՛ պայքարի ձևաչափը, և՛ ուղղությունները: Կամ, ավելի շուտ սա ակնարկ էր, որ որոշելու է Ռոբերտ Քոչարյանը:
Համենայնդեպս, այս տեսանկյունից, ըստ էության, չափազանց խոսուն էր Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո Ռոբերտ Քոչարյանի խորհրդականի, թեկուզ նախկին խորհրդականի հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, հատկապես որ` Իսագուլյանը չի էլ թաքցնում Քոչարյանի հետ հանդիպելու պրակտիկան նաև նրա նախագահությունը թողնելուց հետո: Երեկոն իսկապես դադարել է ձանձրալի լինելուց, սակայն դառնում է շատ կանխատեսելի:










































