Հայաստանի իշխանությունը Արցախի հարցում ունի որդեգրած գիծ և ես չէի ցանկանա այդ գիծը նմանեցնել որևէ նախորդ իշխանության գծին կամ դրա շարունակություն համրել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, որի էությունն է՝ «Սերգո ջան լավ չենք ապրելու մինչև Արցախը չհանձնենք»։
«Վիտալի Բալասանյանի հարցազրույցին կարիք չկա ամեն անգամ անդրադառնալ, որովհետև ինքը կարծեք թե բռնել է կամ որդեգրել է հերոսից հակահերոսի դառնալու նուրբ արվեստի գիծը։ Որոշումն իրենն է, ինքն է գնում այդ ճանապարհով։ Ինչ վերաբերում է Արցախի հարցի շուրջ իշխանությունների դիրքորոշումներին, դրանք այնքան բաց ու հրապարակային են, որ այդտեղ փորձել մանիպուլացնել, դիվիդենտներ շահել, հայտարարել թե հող հանձնող են, անիմաստ է։ Որտե՞ղ եք տեսել հող հանձնող իշխանության»,-հայտարարեց պատգամավորը։