Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան. սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո: Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի սկզբին, մինչ այդ նա երկու անգամ եղել է Հայաստանում. 2017-ին՝ էներգետիկայի նախարարի, 2018-ին՝ ներքին գործերի նախարարի պաշտոնում:
Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այցը ճանաչողական բնութագրեց: «Չնայած այն հանգամանքին, որ Գախարիան և Փաշինյանը հավանաբար միմյանց ծանոթ են, այժմ այդ ծանոթությունը կլինի արդեն այլ՝ վարչապետի կարգավիճակում։ Ես հույս ունեմ, որ մենք կենացների մակարդակի հանդիպումներից դուրս կգանք, և վարչապետների միջև բանակցությունները կլինեն ավելի առարկայական»,- ասաց մեր զրուցակիցը։
Արդյոք Հայաստանի հանդեպ վերաբերմունքը կտարբերվի՞ նախորդ վարչապետներից՝ հարցին ի պատասխան Վասաձեն ասաց. «Առայժմ մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, բայց այն, որ հասունացել է անհրաժեշտություն մշակելու ու իրագործելու կոնկրետ գործողությունների ծրագիր՝ ակնհայտ է։ Այդ ծրագրերը միանշանակ պետք է ուղղված լինեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։
ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս այցը ճանաչողական բնույթի որակեց և նշեց, որ հազիվ թե մեծ կարևորության պայմանագրեր ստորագրվեն այս այցելության ընթացքում. «Վրաստանի վարչապետը նոր է ընտրվել և կարիք ունի հարևան պետություններ ստուգողական այց կատարելու՝ հասկանալու համար, թե ինչ ունենք և ինչից պետք է սկսենք։ Շատ մեծ բաներ սպասել պետք չէ, չեմ էլ կարծում, թե պայմանագրեր ստորագրվեն»։
Վարդանյանը կարծում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է բարձրացնի հայկական կողմը. «Օրինակ՝ հայ մի քանի լրագրողների մուտքի արգելքը Վրաստան, այս հարցը պետք է բարձրացվի, այլ խնդիրներ ևս՝ ճանապարհների հետ կապված»։
Ըստ փորձագետի՝ էական է, թե ով է Վրաստանի ղեկավարը, ինչպես է նայում ու վերաբերվում մեր երկրին: «Հետաքրքիր է, որ Գախարիան Վրաստանում ռուսամետ վարչապետ է համարվում, և սա նոր իրավիճակ է ստեղծում։ Հնարավոր է՝ Հայաստանի հանդեպ ավելի լավ տրամադրվի, եղել է նաև ներքին գործերի նախարար, ու մենք առայժմ չգիտենք, թե նա Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ինչ տրամադրություններ ունի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։