Էդվարդ Փութմանը կեղծել է վիճակախաղի տոմսը և շահումով անշարժ գույք ձեռք բերել աշխարհի տարբեր վայրերում: Այժմ այդ կարողությունը պատկանում է նրա կնոջը:
2019-ի հոկտեմբերին անգլիացի Էդվարդ Փութմանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ վիճակախաղի տոմսը կեղծելու համար, որով նա 2009-ին ջեք փոթ է շահել 2,5 միլիոն ֆունտի չափով: Դատարանը նրա ամբողջ ունեցվածքը բռնագանձելու որոշում է կայացրել, բայց դա այնքան էլ հեշտ չի լինի. այժմ Փութմանի ամբողջ ունեցվածքը պատկանում է նրա կնոջը, հայտնում է The Sun-ը:
Փութմանի սիրելին՝ 64-ամյա Լիտա Սթիվենսը, նրա ձերբակալությունից հետո մեծ կարողության տեր է դարձել: Ընտանիքի մտերիմների խոսքերով, Սթիվենսն այն քչերից էր, ում Փութմանն իսկապես վստահում էր: Այդ իսկ պատճառով նա բազմաթիվ զարդեր էր գնել նրա համար և Լիտայի հաշվին 465 հազար ֆունտ փոխանցել՝ նրա տան ֆիկտիվ գնման համար: Բացի այդ, զույգին հաջողվել է անշարժ գույք ձեռք բերել Մեծ Լոնդոնում, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում և Մալթա կղզում:
Որոշ տվյալներով, Սթիվենսի ակտիվների արժեքը մոտ մեկ միլիոն ֆունտ է: Սթիվենսի ծանոթների խոսքերով, Լիտան սիրում էր Փութմանին՝ չնայած նրա մութ անցյալին. տղամարդը 1991-ին բռնաբարել էր 17-ամյա մի աղջկա, որը գտնվում էր հղիության երրորդ ամսում, իսկ 2012-ին դատապարտվել էր խարդախության համար:
Լիտա Սթիվենսի ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկատվության համաձայն, նա այժմ որևէ մեկի հետ հարաբերությունների մեջ չէ, սակայն The Sun-ի աղբյուրները պնդում են, որ իրականում նա չի խզել կապը Փութմանի հետ և միշտ կլինի նրա կողքին: