Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ծանոթանալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին «Առաջին լրատվական»-ի հետ, ասաց, որ վարչապետի հրաժարականը պատճառաբանված չէր «հրաշալի քառյակի» գործունեությամբ:
«Վարչապետի հեռացման հարցը կանխորոշված էր, քանզի այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 3-ին, անխուսափելի դարձրեց Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը:
Իր վարչապետության շրջանում Տիգրան Սարգսյանի հիմնական դավանանքը եվրաինտեգրումն էր: Երեքուկես տարի եվրամիության հետ բանակցություններ էր վարել, և երբ Ասոցացման փաթեթը համաձայնեցվեց, վերջին պահին Սերժ Սարգսյանը հրաժարվեց դա նախաստորագրելուց և որդեգրեց շրջադարձ դեպի Մաքսային միության անդամակցության ուղի:
Դրանից հետո Տիգրան Սարգսյանի հեռացման հարցը կանխորոշված էր և մնում էր միայն պատշաճ ժամանակ ընտրել այդ հարցը լուծելու համար, իսկ ժամանակն ընտրվեց՝ ելենելով քաղաքական կոնյուկտուրայի զարգացումներից․ այսինքն՝ իշխանությունն իր համար ամենահարմար պահն ընտրեց: Ոչ իշխանական ուժերն իրենց համախմբան հենքը դարձրեցին Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը, դրանով իսկ ձմռան ամիսներին կուտակված սոցիալական դժգոհությունը ուղղելով վարչապետի անձի դեմ: Նախատեսվող հանրահավաքային ալիքի բարձրացման նախօրյակին իշխանությունը լուծեց վարչապետի հարցը՝ փորձելով պարպել կուտակված սոցիալական դժգոհությունը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ նպատակ ուներ Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ ոչ իշխանական ուժերից և ոչ մեկը չպետք է նոր կառավարության մաս կազմեն, քաղաքագետն ասաց․«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իր և ՀԱԿ-ի դեմքը փրկել՝ իր համար բավականին ծանր պայմաներում: Այսօր իսկապես ՀԱԿ-ի դեմքը փրկելու խնդիր կա, որովհետև ընտրված մարտավարությունը բերեց այն բանի, որ Սերժ Սարգսյանը կարողացավ մեկ կտրուկ քայլով կանխել ներքաղաքկան ապակայունացման վտանգը:
Մինչ այդ հանրապետականները միանշանակ հերքում էին վարչապետի հրաժարականի հնարավորությունն այնպես, ինչպես ժամանակին միահամուռ հայտարարում էին, թե Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը և կստորագրի Ասոցացման համաձայնագիրը»:
Ըստ Հովհաննիսյանի՝ դա արվում էր ընդդիմությանը այս հարցի վերաբերյալ տաքացնելու նպատակով ․«Կտրուկ քայլ անելով և հեռացնելով Տիգրան Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանը ոչ իշխպանական ուժերին կանգնեցրեց մի իրավիճակի առջև, երբ այդ մարդիկ, վարչապետի միասնական թեկնածու չունենալով, չգիտեն, թե նրա հեռացումից հետո ինչ պետք է անել:
Նա հերթական անգամ ոչ իշխանական ուժերին անակնկալի, եթե չասեմ՝ խուճապի բերեց: Իսկապես նրանց առջև անսպասելիորեն առաջացած խնդիրը հեշտ լուծելի չէ, եթե հաշվի առնվի այն , որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն չեն բացառում նոր վարչապետի օրոք իրենց ներգրավումը մի նոր կոալիցիոն ձևաչափում: Այստեղ է, որ Սերժ Սարգսյանը անակնկալի բերելով ոչ իշխանական ուժերին՝ նրանց գլխին խորամանկ խաղ խաղաց, որովհետև իսկապես նախօրոք տրամադրել էր բոլոր հանրապետականներին՝ միահամուռ հերքել վարչապետի հրաժարականի հնարավորությունը, նրանք էլ դիրիժորի փայտիկին հետևելով հերքում էին: Հետո միանգամից անակնկալի բերելով ընդդիմությանը՝ Սերժ Սարգսյանը նպատակ ուներ ընդգծելու այն տարբերությունը, որը գոյություն ունի մի կողմից ՀԱԿ-ի և «Ժառանագության» միջև, որոնք իրենց որպես արմատական ընդդիմություն են ներկայացնում և մյուս կողմից՝ ԲՀԿ-ի, որն իրեն այլընտրանքային ուժ է ներկայացնում»:
Միևնույն ժամանակ Հմայակ Հովհաննիսյանը համակարծիք է Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մի հատվածի հետ․«Իսկապես ընդդիմությունը եզակի հնարավորություն ունի հասնելու իշխանափոխության․ այստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը չի սխալվում:
Իշխանությունները ուժային մեթոդներով չեն կարող ագելափակել իշխանափոխության հնարավորությունը, որովհետև Ռուսաստանը, որն այսօր պահանջում է, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները ուժ չկիրառեն ռուսալեզու ազգաբնակչության նկատմամբ, չի կարող տանիքավորել Հայաստանի իշխանությունների ուժային գործողությունները:
Եթե ոչ իշխանական ուժերը ոտքի հանեն հասարակությանը, ապա իշխանություններն այդ բողոքի ալիքը ուժային մեթոդներով ճնշելու հնարավորություն այսօր չունեն՝ Արևմուտքը ևս չի ցանկանա ուժային գործողությունները տանիքավորել։
Այս առումով ճիշտ է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է հերթական անգամ բաժանարար գծեր գծել ոչ իշխանական ուժերի ներսում՝ մասնավորապես ևս մեկ անգամ օգտագործելով Հովիկ Աբրահամյանի գործոնը: Կարելի է կանխատեսել , որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մատնանշվող հնարավորությունները հերթական անգամ չեն օգտագործվելու և կմնան ընդամենը չօգտագործված հնարավորություններ»,- եզրափակեց նա:










































