Ոչ իշխանական քառյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները, այսօր հերթական հանդիպումն էին հրավիրել՝ քննարկելու Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակում իրենց գործողությունների մարտավարությունը: Նիստը տևեց բավական երկար և ընդմիջվեց, որպեսզի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառմանը:
Երեկոյան նիստը պետք է շարունակվի: Իսկ ընդմիջման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մյուս խմբակցությունների նման իրենք էլ Սերժ Սարգսյանի կողմից խորհրդակցություն անցկացնելու հրավերք ստացել են և պատասխանը կհայտնեն այն խմբակցությունում հետ քննարկելուց հետո: Նա նաև ասաց, որ, ամեն դեպքում, այդ առումով իրենց դիրքորոշումը հայտնի է: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկվա իր հարցազրույցում այսպիսի շեշտադրում էր արել. «Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ և չպետք է մաս կազմի նրա կողմից ձևավորված որևէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին»:
Լ. Զուրաբյանը նաև նշեց, որ քառյակում այսօր էլ կան մարտավարությունների տարբերություններ, և Տ.Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակում քննարկում են հետագա քայլերի հետ կապված հարցերը:
Իսկ ինչ վերաբերում է ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում պլանավորած շուրջօրյա հանրահավաքներին, Լ.Զուրաբյանն ասաց, թե այդ հարցը դեռ քննարկվում է:










































