ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը զգուշացնում է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացման: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 14-ին Լոնդոնում՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում:
«Հոկտեմբերի 11-ին ես Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ լուրջ անհանգստությունը շարունակվող գործողության և տարածաշրջանային հետագա ապակայունացման, լարվածության սաստկացման և մարդկանց էլ ավելի մեծ տառապանքների կապակցությամբ»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զուսպ և մյուս դաշնակիցների հետ կոորդինացմամբ»,-ասել է Ստոլտենբերգը և հավելել. «Անմիջական անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ կալանավորված ահաբեկիչները չկարողանան փախչել քրդական բանտերից»՝ հաղորդել է TASS-ը: