Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Լիխտենշտեյնի ընտրանուն չհաղթելուց հետո խիստ քննադատության են ենթարկվում երկրպագուների կողմից: Մերոնք ցույց տվեցին վատ ֆուտբոլ: Այս խաղով մենք անելիք չունենք Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում: Ճիշտ է, Լիխտենշտեյնի դեմ մեր հավաքականը խաղաց առանց Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի, Կառլեն Մկրտչյանի, բայց սա արդարացում չէ: Նույնիսկ այս կազմով մենք մի գլուխ ավելի բարձր ենք Լիխտենշտեյնից և պարտավոր էինք հաղթել: Ամեն դեպքում ունենք, այն ինչ ունենք, և առաջ նայելով՝ պետք է կենտրոնանանք վաղը կայանալիք Ֆինլանդիայի դեմ խաղի վրա:
Հարկ ենք համարում ընդգծել նաև բոլոր այն սխալները, որոնց պատճառով երկու միավոր կորցրինք Լիխտենշտեյնում: Սկսենք նրանից, որ Արմեն Գյուլբուդաղյանցը միանգամայն սխալ մեկնարկային կազմ էր ընտրել: Մերոնք հանդիպումը սկսեցին 4-3-3 դասավորությամբ, մեկ հենակետային կիսապաշտպանով: Ձախ պաշտպանի դիրքում Արման Հովհաննիսյանն էր, որն առաջին անգամ էր ընդգրկվել մեր հավաքականի մեկնարկային կազմում: Այս ֆուտբոլիստն ակնհայտորեն պատրաստ չէր նման մակարդակի հանդիպման: Նրա թույլ տված սխալները, այսպես ասած, մաքրում էին կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Հայկ Իշխանյանը, հենակետային կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Վերջինս ուղղակի չէր հասցնում կապել պաշտպանական և կիսապաշտպանական օղակները: Չէր ստացվում նաև Հովհաննիսյանի առաջխաղացումը եզրով: Սարգիս Ադամյանը փորձում էր իր վրա վերցնել խաղն այս եզրում, բայց… Ադամյանն ակնհայտորեն իր դիրքում չէր: Մեկ հենակետայինով խաղալու հետևանքով չէր ստացվում նաև Մարկոս Պիզելիի խաղը: Թիմին առաջ տանելու նախաձեռնությունն իր վրա էր վերցրել Գևորգ Ղազարյանը, բայց քանի որ բաց օղակները չափից ավելի շատ էին, նրա գործողությունները ևս այնքան էլ արդյունավետ չէին: Հավաքականի միակ լուսավորը կողմը թերևս Տիգրան Բարսեղյանն էր, որը խաղն իր վրա վերցնելուց բացի՝ ակտիվ էր պահում հարձակման ձախ եզրը:
Երբ առջևում էինք 1:0 հաշվով, Գյուլբուդաղյանցը ևս մեկ սխալ թույլ տվեց՝ ենթահարձակվող Մարկոսի փոխարեն ասպարեզ դուրս բերելով երկրորդ հենակետային Գոռ Մալաքյանին: Չէ՞ր կարելի արդյոք Պիզելիի փոխարեն դաշտ դուրս բերել Էրիկ Վարդանյանին, որը կարող էր կատարել նաև քողարկված հենակետայինի պարտականությունը: Գյուլբուդաղյանցի առաջին փոփոխության հետևանքով հարձակման գծում մերոնց խաղը վերջնականապես խամրեց, ինչի հետևանքով էլ Լիխտենշտեյնը հավասարեցրեց հաշիվը:
Իրավիճակը շտկելու համար Գյուլբուդաղյանցը Ռումյան Հովսեփյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց հարձակվող Արթուր Միրանյանին: Ֆուտբոլիստ, որը երբևէ չէր խաղացել ազգային թիմում: Այս որոշումը, համաձայնեք, դժվար է տրամաբանել: Ստեղծված իրավիճակում տեսանելի էր թերևս մեկ լուծում: Հովսեփյանի փոխարեն պետք է խաղադաշտ դուրս գար Էդգար Բաբայանը և հանգրվաներ ձախ եզրում: Ադամյանը Ալեքսանդր Կարապետյանի հետ պետք է հերթապահեր հարձակման կենտրոնում: Բաբայանը հաջող է գործում ձախ եզրում և կարող էր սրել խաղը, իսկ Ադամյանը կրակագծում հնարավոր է աչքի ընկներ:
Ինչ վերաբերում է երրորդ փոփոխությանը, ապա այն ուղղակի աբսուրդային էր: Թե ի՞նչ էր մտածում Գյուլբուդաղյանցը խաղավարտից 3 րոպե առաջ Գևորգ Ղազարյանի փոխարեն Արաս Օզբիլիսին խաղադաշտ դուրս բերելով՝ գիտի թերևս ինքը:
Եվս մեկ դիտարկում: Վերջին 3 հանդիպումներում Հայաստանի հավաքականը երրորդ գնդակը բաց թողեց մրցակցի ձախ եզրից իրականացրած գրոհի հետևանքով: Մեր այս դիրքը ակնհայտորեն թիրախավորված է մրցակիցների կողմից, և ի՞նչ է արվում խնդիրը կարգավորելու համար: Ըստ էության՝ ոչինչ:
Գյուլբուդաղյանցի՝ մեկնարկային կազմի ընտրության հարցում թույլ տված սխալը կարող է ունենալ թերևս մեկ բացատրություն: Մեր մարզիչը ցանկանում էր առանց ճիգեր գործադրելու հաղթել Լիխտենշտեյնին և գործի չդնել «զենքերը», որոնք պահվել են Ֆինլանդիայի հետ խաղի համար: Գյուլբուդաղյանցը ճակատագրական սխալ թույլ էր տվել նաև ուղիղ մեկ տարի առաջ Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Ջիբրալթար խաղի ժամանակ: Հիշեցնենք, որ Ջիբրալթարի հետ հանդիպումից երեք օր անց Հայաստանը մրցեց գլխավոր մրցակից Մակեդոնիայի հետ: Բոլորս կենտրոնացած էինք հենց Մակեդոնիայի հետ հանդիպման վրա՝ վստահ լինելով, որ Ջիբրալթարին ջախջախելու ենք: Վստահ էր նաև Գյուլբուդաղյանցը: Պատմությունը կարծես կրկնվում է:
Շատերն անտեսելով Լիխտենշտեյնի դեմ խաղը՝ մտածում էին Ֆինլանդիայի հետ մրցավեճի մասին: Ջիբրալթարից կրած պարտությունը դուրս թողեց մեզ Ազգերի լիգայից: Խայտառակ պարտությունից հետո Գյուլբուդաղյանցը կատարել էր սխալների ուղղում, ինչի արդյունքում Մակեդոնիային հաղթեցինք 4:0 հաշվով:
Նախօրեին բոսնիացիները մեզ նվեր էին մատուցել՝ 4:1 հաշվով հաղթելով ֆիններին, և վաղը երեք միավոր վաստակելու դեպքում կհանգրվանենք երկրորդ հորիզոնականում: Դեռ ամեն ինչ կորած չէ, ուստի սթափվեք, տղերք:
Եվ վերջում՝ փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարի մեր մարզիչը իրավիճակը շտկելու համար: Առաջին հերթին Արման Հովհաննիսյանը չպետք է լինի հիմնական կազմում: Եթե Կամո Հովհաննիսյանն ի վիճակի չլինի խաղալու, ձախ գոտում պետք է լինի Մոնրա Արարատը: Երկրորդ՝ պետք է խաղալ երկու հենակետային կիսապաշտպաններով: Եվ երրորդ՝ պետք է հնարավորինս ակտիվացնել հարձակման ձախ եզրը: Բոսնիացիները Ֆինլանդիային կապիտուլյացիայի ենթարկեցին թիրախավորելով մրցակցի պաշտպանության եզրերը:
Անկախ ամեն ինչից՝ բոլորս հավաքականի կողքին ենք և հավատում ենք, որ ճակատագրական պահերին կարող ենք համախմբվել և հաղթել: