Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային հավաքականի թվիթերյան էջը շարունակում է ծաղրել Հայաստանի ազգային հավաքականին: «Ժամանեցինք Տուրկու, որտեղ ջերմաստիճանը +3 է: Այնպիսի զգացողություն է, կարծես՝ «սաունայից» հետո տանիքին նստած հանգստանալիս լինես: Եղանակն այնպիսին է, ինչպես Վադուցո՞ւմ, Հայաստանի հավաքական», – գրել են ֆինները:
Ավելի վաղ Ֆինները կրկին փորձել էին ծաղրել մերոնց Twitter-յան էջում հորդորելով Հայաստանի հավաքականին իր հետ Ֆինլանդիա մեկնելիս տաք հագուստ տանել՝ բաճկոններ և տաբատներ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անպատասխան չէր թողել այս գրառումը․ «Շնորհակալ ենք, որ պատրաստ եք մեզ հյուրընկալելու: Կարծում ենք՝ ցուրտի կարիք առավել շատ դուք ունեք, քանի որ հենց հիմա Սարաևոյում իսկապես շատ շոգ է»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Ֆինլանդիան Սարաևոյում 4:1 հաշվով պարտվել էր Բոսնիային, իսկ Հայաստանի հավաքականը Վադուցում 1:1 էր խաղացել Լիխտենշտեյնի հետ:
Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը ժամը 20-ին: